Պետք է ուշադիր լինենք երեխաների նկատմամբ, որպեսզի իրենց լքված չզգան. ԴԱՀԿ պաշտոնյա
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին՝ այսօր, ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունում մանուկների համար կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցում էին այն երեխաները, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է հարկադիր ծառայությունը:
Հինգից 10 տարեկան՝ թվով 70 երեխաների համար ԴԱՀԿ–ը կազմակերպել էր շոու-ծրագիր. երեխաներին զվարճացնելու էին եկել հեքիաթային հերոսները:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանը վաղվա տոնի առթիվ շնորհավորեց երեխաներին՝ նաև երջանկություն մաղթելով աշխարհի բոլոր մանուկներին:
«Շնորհավորում եմ աշխարհի ամենագեղեցիկ` երեխաների պաշտպանության տոնի կապակցությամբ: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի երջանիկ լինել և դա մեր բոլորի պարտականությունն է` ընտանիքի, հասարակության և պետության: Պետք է ուշադիր լինենք երեխաների նկատմամբ, որպեսզի իրենց լքված չզգան: Ցանկանում եմ աշխարհի բոլոր մանուկներին երջանկություն»,- նշեց նա:
Ռոբերտ Ղազարյանը տեղեկացրեց, որ միջոցառումն արդեն երկրորդ անգամ է անցկացվում: Երեխաների հետ աշխատանքն, ըստ նրա, իրենց գործունեության ամենանուրբ մասն է, ուստի յուրահատուկ կարևորություն են տալիս դրան:
Միջոցառումից գոհ էին ինչպես ծնողները, այնպես էլ երեխաները: 9-ամյա Սահակ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն շատ է դուր եկել միջոցառումը, չնայած իր սիրած հեքիաթի հերոսը չկար շոու-ծրագրում:
Tert.am-ի հետ զրույցում ծնող Անուշ Հովհաննիսյանն էլ իր գոհունակությունը հայտնելով կազմակերպված միջոցառումից, ասաց. «Անկեղծ, շատ հաճելի է: Թող շուտ-շուտ երեխաների համար այսպիսի բաներ անեն. երեխաները ուրախանում են, բնականաբար, մենք էլ ենք ուրախանում, որ, իրոք, մեր մասին, մեր երեխաների մասին մտածում են: Իմ բալիկը, ընդամենը, 3,5 տարեկան է: Իրոք, հաճելի է, երեխաները դեռ չեն հասկանում, բայց մենք դա գնահատում ենք»:
Շոու-ծրագրի ավարտին երեխաներին տրվեցին նվերներ, այնուհետև, նրանք մասնակցեցին կազմակերպված հյուրասիրությանը:










