Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի անունները
«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի մեկնարկից առաջ, որը կանցկացվի հուլիս 8-ից 15-ը, փառատոնի կազմակերպիչներն այսօր կայացած մամլո ասուլիսին ներկայացրին ֆիլմերի արտամրցութային ծրագրերը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ փառատոնը կպահպանի արդեն ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը:
Նա նաև տեղեկացրեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոծրագիրը: Իսկ քանի որ այս տարի Երևանը հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք, փառատոնը կներառի ևս մեկ արտամրցութային ծրագիր՝ «Գիրք և կինո» խորագրով:
Մինչ ֆիլմերին անդրադառնալը, Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ ստացել են փառատոնին մասնակցության 1300 հայտ, որոնցից կցուցադրվեն, մոտ 150-ը: Նա ցավով նկատեց, որ իրենք ավելի շատ ֆիլմեր կընտրեին ցուցադրության համար, սակայն բավարարվել են այդքանով, քանի որ կինոդահլիճների պակաս կա: Ըստ Ստամբոլցյանի, միջազգային փառատոնի ժյուրին կգլխավորի Վիկտոր Էրիսեին:
Միքայել Ստամբոլցյանը ոգևորությամբ ներկայացրեց «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված ռեժիսորների հայտնի էկրանավորումները. Վիկտոր Կոսակովսկու «Կեցցե հանրապետականները» ֆիլմը, որը եղել է նախորդ տարի Վենետիկի կինոփառատոնի բացման ֆիլմը, Ագնեշկա Հոլանդի «Խավարումը», որը 2012թ. «Օսկարի» 5 նոմինանտներից էր, Քրիստիան Պետզոլդի «Բարբարա»-ն, որը այս տարվա Բեռլինի կինոփառատոնին արժանացել է «Արծաթե Արջ» մրցանակին, Կոսիմա Սպենդերի (ով ի դեպ Գորկու թոռն է)՝ «Առանց Գորկու» ֆիլմը, Վադիմ Աբրաշիտովի՝ «Պարողի ժամանակը», Ռուբեն Քոչարի՝ «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» և Ֆրանսիս Ֆորդ Կոպոլայի՝ «Միջև» ֆիլմը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրենը նշեց, որ Վիկտոր Կոսակովսկին, Ագնեշկա Հոլանդը, Վադիմ Աբդրաշիտովը և Կոսիմա Սպենդերը ներկա կլինեն փառատոնին որպես պատվավոր հյուրեր և անձամբ իրենք կներկայացնեն ֆիլմերը:
«Հետահայաց ցուցադրությունների» ծրագրում կներկայացվեն էլդար Շենգելայայի, Վիկտոր Էրիսեի, Ալեքսանդր Սուկուրովի ֆիլմերը:
«Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Անդրեյ Տարկովսկու հոբելյանները:
Իսկ «Գիրք և կինո» ծրագրում կընդգրկվեն հայ և համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները, որոնցից նա առանձնացրեց Չարլզ Դիկենսի «Օլիվեր» ուրախ էկրանավորվորումը, Թոմաս Մանի «Մահը Վենետիկում» և այլն:
Ասուլիսին ներկա փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում՝ օրեր առաջ տեղի ունեցած Կաննի կինոփառատոնից ֆիլմերը բերելու ուղղությամբ:
Ի դեպ, Միքայել Ստամբոլցյանը մի գաղտնիք բացեց. ըստ նրա, կինոփառատոնի պատվավոր հյուրերից Ալեքսանդր Սակուրովը կստանա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մրցանակը՝ «հոգևոր արժեքներին դավանելու համար»: Մյուս անակնկալներից նա նախընտրեց չխոսել:
Փառատոնի ընթացքում, համաշխարհային կինոգործիչների մասնակցությամբ, կանցկացվեն նաև վարպետաց դասեր, կլոր սեղան քննարկումներ և այլն:










