Եզնիկ Կողբացի 42 հասցեում տեղադրվեց Լուսինե Զաքարյանի հուշաքարը

14:06 • 01.06.12

Այսօր մայրաքաղաքի Եզնիկ Կողբացի 42 հասցեում տեղադրվեց հայ հոգևոր և դասական երաժշտության ու շարականների լավագույն կատարող Լուսինե Զաքարյանի հուշաքարը:


Օրը պատահական չէր ընտրված, քանի որ Լուսինե Զաքարյանը, ով արդեն 20 տարի է՝ մեզ հետ չէ, այսօր կդառնար 75 տարեկան:


Հանրահայտ երգչուհու ծննդյան օրվա առթիվ Եզնիկ Կողբացի 42 հասցեում, որտեղ երկար տարիներ ապրել են Լուսինե Զաքարյան և Խորեն Պալյան ամուսինները, հավաքվել էր մայրաքաղաքի երաժշտասեր հասարակությունը, նաև Լուսինեի արվեստը գնահատող շարքային քաղաքացիներ, հարևաններ, ովքեր մինչ օրս հպարտանում են, որ ունեցել են անվանի հարևաններ:


Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն իր խոսքում նշեց , որ Լուսինե Զաքարյանն այն անձ էր, ով իրեն նվիրել էր հոգևոր երաժշտության պրոպագանդմանը, մի բան, ինչը 60-ականներին եկեղեցու պատերից դուրս՝ համերգային այլ դահլիճներում հնչեցնելը բավականին բարդ ու համարձակ քայլ էր:


Ավելին՝ նույն բուհի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Արաքսի Սարյանը դա համարեց՝ հեղափոխություն մեր հոգևոր երաժշտության կյանքում:


«Անկրկնելի էր Լուսինե-Սվետլանա Զաքարյանը: Երգում էր Լուսինեն՝ հողեղեն երկրից վերացած և երգում էր այնպես, որ մենք ապրո~ւմ էինք այն զգացումները, ինչը կարող է մարդն ապրել՝ երևի երկնքում»,-ասաց Արաքսի Սարյանը:


Դավիթ Ղազարյանը հիշեց, թե ինչպես էին 1991 թվականին Լեհաստանում անցկացված հոգևոր երաժշտության միջազգային ամենահեղինակավոր՝ 41 երգչախմբերից ու մենակատարներից բաղկացած մրցույթի մասնակիցներն ապշել ո՛չ միայն հայկական հոգևոր երաժշտությամբ, այլև Լուսինե Զաքարյանի փայլուն կատարումներով: Պատահական չէ, որ Կոմիտասի անվան լարային քառյակի հետ Լեհաստան մեկնած Լուսինե Զաքարյանը վերադարձավ հատուկ մրցանակ ստացած:


Արարողությանը մասնակցող Մայր Աթոռի ներկայացուցիչ Անուշավան եպիսկոպոս ևս անձնական հիշողություններ ուներ Լուսինե Զաքարյանի հետ կապված: Նա պատմեց, որ արդեն վատառողջ Լուսինե Զաքարյանը, ինչպես միշտ, պատարագի երգեցողությունից առաջ բոլոր սրբապատկերները համբուրում էր ու աղոթում, և որ Անուշավան եպիսկոպոս երգչուհուն օգնում էր կանգնել երգեհոնի մոտ և երգել «Հրեշտակայինը», հորդորելով, որ երգչուհին փոքր-ինչ հանգստանա:


«Ասում էր ես չեմ երգում՝ Աստված ինձ օգնում է, որպեսզի ես կարողանամ իրեն ճիշտ փառաբանել»,- հիշում է եպիսկոպոսը:


Անուշավան եպիսկոպոսը մեկ այլ հուզիչ պահ ևս վերհիշեց. երգչուհու թաղման արարողության ժամանակ երջանկահիշատակ Վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինն ասել է հետևյալ խոսքը. «Ես հավատացած եմ, որ երկնքում մեկ հրեշտակ ավելացավ»:


Հիշեցնենք, որ հենց Վազգեն Առաջինը, ով բարձր էր գնահատում Լուսինե Զաքարյանի արվեստը, կատարեց նրա վերջին ցանկությունը՝ և այժմ Լուսինի դին հանգչում է Սուրբ Գայանե եկեղեցու բակում: