Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը
Երևանում՝ հունիսի 6-13-ը կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի այն բաց կլինի «ջութակ» մասնագիտության համար:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից տեղեկացնում են, որ նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով և է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:
Մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է, այն ներառում է ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 20 երկրից` Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից, Չինաստանից, Կորեայից, Կոլումբիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից:
Մրցույթի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են ընդգրկված համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, պրոֆեսոր Ռեյնգարդ Ֆոն Գութզեյթը, Վալերի Գերգիևը, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովը, պրոֆեսոր Ալեքսանդր Չայկովսկին, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Միխայիլ Շվիդկոյը, Պավել Կոգանը, Էլիժբիետա և Քշիշտոֆֆ Պենդերեցկիները, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, նշանավոր այլ անձինք:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «ջութակ» մասնագիտության համար սահմանել է հետևյալ մրցանակները`
1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները կպարգևատրվեն դիպլոմով և 2000 ԱՄՆ դոլար գումարով:
Մրցույթի շրջանակներում Երևան կժամանեն բազմաթիվ պատվավոր հյուրեր:
Հունիսի 6-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման արարողությունը: Ելույթ են ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և 2010թ. Ա. Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակակիր Յարոսլավ Նադրզիցկին (Լեհաստան):
Հունիսի 7-8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի մրցութային առաջին փուլը։
Հունիսի 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի մրցութային երկրորդ փուլը։
Հունիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի մրցույթի երրորդ` եզրափակիչ փուլը:
Հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա պարգևատրման արարողությունը, որին կհետևի Գալա համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և 2012թ. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակակրի մասնակցությամբ:










