Հայ նկարիչ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը՝ Լոս Անջելեսում
Լոս Անջելեսում հունիսի 1–ին ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը` «Երևակայական բնապատկերներ» խորագրով:
Ըստ ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության՝ ցուցահանդեսի շրջանակներում մեկ ամիս շարունակ ամերիկահայ համայնքին կներկայացվեն նկարչի բնանկարներն ու քանդակները:
Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Լոս Անջելեսի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ` նկարիչներ, ռեժիսորներ, արվեստաբաններ, հասարակական և քաղաքական գործիչներ:
ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ողջունելով Ժան Կազանչյանի՝ «Հայաստանի տանը» ցուցահանդեսի բացումը, շեշտել է, որ հյուպատոսության այդ նախաձեռնությունն ուղղված է համայնքի նշանավոր դեմքերին առավելագույնս ճանաչելի դարձնելուն և այն կլինի շարունակական:
Ցուցահանդեսին ներկա էին և ելույթի խոսքով հանդես են եկել նաև Ժան Կազանչյանի կինը` արվեստաբան Քրիստին Արժիլեն և Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի պրոֆեսոր, սյուրռեալիզմի վերլուծաբան, քննադատ Գլորիա Օբերսթայնը:
Տեղեկացնենք, որ հայտնի նկարչի գործերը բազմիցս ցուցադրվել են աշխարհի շատ երկրների հեղինակավոր սրահներում: Ժան Կազանչյանը ծնունդով մուսալեռցի է, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Լիբանանում, երկար տարիներ ապրել Ֆրանսիայում: Անվանի նկարիչն այժմ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ–ում:










