Քսենիա Սոբչակը նկարահանվել է հայ ռեժիսորի ֆիլմում. շուտով՝ «Ոսկե ծիրանում» (լուսանկարներ)
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, ի թիվս այլնի, կցուցադրվի նաև ռեժիսոր Մարիա Սահակյանի «Տուն 2012» ֆիլմը, որում նկարահանվել է Քսենիա Սոբչակը և որը 2012-ի ամենաէպատաժային ֆիլմերից է համարվում ռուսաստանյան կինոշուկայում, սակայն ոչ միայն Սոբչակի մասնակցության շնորհիվ:
Ֆիլմում նկարահանվել են նաև ռուսական բոմոնդի այնպիսի սկանդալային դեմքեր, ինչպիսիք են ռեժիսոր Վալերիա Գայ Գերմանիկան, մոդել Դանիլա Պոլյակովը և այլք: Ֆիլմի նկարիչն է սկանդալային դիզայներ Անդրեյ Բարտենևը:
Ֆիլմում Սոբչակը հանդես է գալիս պրոդյուսերի դերով: Իսկ ֆիլմի պրոդյուսերը հայտնում է, որ նա հանդես է եկել գրեթե առանց հոնորարի: Պրոդյուսեր Յուլյա Միշկինենեն ասել է, որ եթե հրապարակի Սոբչակի հոնորարի չափը, ապա շատերի ծիծաղը կգա, քանի որ դա զուտ խորհրդանշական է: Իսկ Սոբչակը համաձայնել է զուտ այն պատճառով, որ իրեն հետաքրքիր է ֆիլմի սցենարը:
Ֆիլմը աշխարհի մոտալուտ վախճանի թեմայով նոր կինոդիտարկում է առաջարկում՝ ռուսաստանյան բոհեմի ներկայացուցիչների աչքերով՝ 2012-ի ամռանը լքված մերձմոսկովյան տանը:










