ՀՀ ԳԱԱ–ում նշել են Իմամ Խոմեյնիի մահվան 23-րդ տարելիցը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնն այսօր կազմակերպել էին համաժողով ՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնու մահվան 23-րդ տարելիցին:
Միջոցառմանը ներկա էին Արևելագիտության ինստիտուտի, ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչներ և մի շարք արևելագետներ:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մեհրան Շիրավանդին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ Իմամ Խոմեյնու ամենակարևոր ներդրումն այն էր, որ իրանական հասարակության շրջանում վերականգնեցին հոգևոր ու բարոյական այն արժեքները, որոնք տարիների ընթացքում ոչնչացվել էին:
«Խոմեյնին չի պատկանում որևէ կոնկրետ երկրի, նա միջազգային դեմք է, նրա գաղափարախոսությունն առկա է ամբողջ աշխարհում: Այսօր աշխարհում անկախության համար պայքարողները ոգեշնչված են Խոմեյնու գաղափարախոսությամբ»,- ասաց նա:
Մեհրան Շիրավանդին նշեց, որ ամեն տարի Հայաստանում նման համաժողով է տեղի ունենում, ինչը նաև ապացույցն է այն համագործակցության, որն առկա է Հայաստանի և Իրանի միջև:
Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Ռոման Սմբատյանը խոսելով Իմամ Խոմեյնու մասին, ասաց, որ նա եղել է Իրանում 20-րդ դարավերջին տեղի ունեցած իսլամական հեղափոխության առաջնորդը:
«Նրա իրականացրած հեղափոխության արդյունքում աշխարհի բոլոր չքավորները, շահագործվող հասարակությունները պետք է արթնանային: Իսլամական հեղափոխությունը Իրանում համարում են ճնշված ժողովուրդների արթնացման կարևրագույն փուլ: Նրա օրոք իրանի հասարակությունը համախմբվեց հոգևորականության շուրջ և ստեղծվեց շիական աստվածապետություն, որը գործում է մինչ օրս»,- ասաց Ռոման Սմբատյանը:
Իրանագետը միաժամանակ նշեց, որ այնուամենայնիվ, Իմամ Խոմեյնու ստեղծած Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշակիորեն տարբերվում է ներկայիս Իրանից:
«Այժմ, կարելի է ասել, հղկվում է սկզբնական հեղափոխական թոհուբոհը և ստեղծվում է ավելի պրագմատիկ, արդյունավետ համակարգ»,- ասաց Իրանագիտության ամբիոնի դասախոսը:










