«Բխիյան» լարային քառյակի համերգը Ավստրիայում
Ավստրիայի Գրաց քաղաքի Վելշե Կիրխեում «Բխիյան» լարային քառյակի կատարմամբ կայացավ «Հայ և ավստրիական երաժշտական արվեստի հանդիպում» խորագրով համերգը, որի կազմակերպիչն էր Գրացի Հայ առաքելական եկեղեցական վարչությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը:
Քառյակի անդամներն են` Մարինե Բխիյան (ջութակ), Միխայլո Զախարով (ջութակ), Գայանե Միրզոյան (ալտ), Յուդիթ Պապ (թավջութակ): Կատարվել են Յոզեֆ Հայդնի և Կոմիտասի ստեղծագործությունները:
Քառյակում ընդգրկված երկու հայուհիները Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներն են, ովքեր հետագայում իրենց կրթությունը շարունակել և կատարելագործել են եվրոպական քաղաքներում` Լոնդոն, Բրյուսել, Լովրան (Խորվաթիա), Գրաց:
Համերգի ավարտին կազմակերպվել է հանգանակություն, որի հասույթը տրամադրվելու է Երևանի Քանաքեռ համայնքում գործող երաժշտական դպրոցին:
Միջոցառման վերջում տեղի է ունեցել ընդունելություն՝ համերգին ներկա ավստրիացի և հայ հանդիսատեսի համար:
Համերգին ներկա են եղել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:
Համերգ-միջոցառման նպատակն էր ավստրիացի և հայ ունկնդիրներին ծանոթացնել երկու ազգերի բարձրարժեք երաժշտական արվեստի հետ:










