Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը նոր շենքի կարիք ունի
Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանն արդեն 40 տարեկան է, և այսօր այդ իրադարձությանը նվիրված տոնական միջոցառումից և առկա խնդիրներից այսօր խոսեցին թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը, ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը և մշակութաբան, փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը:
Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը հպարտությամբ է նշում, որ առաջին քսանամյակին թանգարանն իր տեսակով ամբողջ Խորհրդային Միությունում միակն էր, որը 1972թ-ի հունիսի 8-ին բացվեց Հենրիկ Իգիթյանի ջանքերով, իսկ թանգարանի համար տարածքը տվել էր քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը:
Հաջորդ 20 տարիներին թանգարանում ավելացան խնդիրներ, որոնք ըստ տնօրենի, հիմնականում վերաբերում են շենքային պայմաններին:
Նունե Ավետիսյանը նշեց, որ շատ է լսում այն մասին, որ որոշ աշխատանքներ, որոնք ներկայացվել են 40 տարի առաջ, մինչ օրս ցուցադրվում են: Մինչդեռ նա հակադարձում է, որ թանգարանն ունի 2015 գործ, որից ցուցադրվում են ընդամենը 185-ը:
«Պատճառն այն է, որ չունենք հնարավորություններ` գոնե մեծամասնությունը ցուցադրելու համար»,- ասաց նա և նշեց, որ անցյալ տարի իրենք ունեցել են 13 ցուցահանդես, իսկ այս տարի արդեն 9 –ը: Եվս յոթ ցուցադրություններ առջևում են:
«Միակ ուրախությունն այն է, որ այս տարի քաղաքապետարանի հովանավորությամբ ունեցանք ջեռուցում»,- ասաց նա և ցավով նկատեց, որ դրանից բացի պետության կողմից այլ հովանավորություն չեն ստացել:
Տնօրենը նոր շենք ունենալու համար ավելի շատ բարեգործներից հույս ունի, քան պետությունից, այդ իսկ պատճառով նշեց, որ եթե կան այնպիսի մարդիկ, որոնք գուցե չեն կողմնորոշվում, թե որտեղ գումարներ ներդնեն, ապա իրենք դրա կարիքը ունեն:
Նունե Ավետիսյանը էլ նկատեց, որ թեև իրենք այսօր նոր գործեր գնելու հնարավորություն չունեն, սակայն թանգարանի ֆոնդը համալրվում է նվիրատվությունների ճանապարհով:
ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը հիշում է, որ Հենրիկ Իգիթյանի առաջ բոլոր արվեստանոցների դռները բաց էին. նա գալիս և ընտրում էր թանգարանի համար:
«Ինչ տուրուդմփոց էր կատարվում մինչև բացումը: Երկու, երեք անգամ հետաձգվեց բացման արարողությունը, Կենտկոմից գալիս նայում էին, հետաձգում ու թողնում գնում էին»,- ասաց նա և ավելացրեց, որ Մարտիրոս Սարյանը և Երվանդ Քոչարը թիկունք կանգնեցին իրենց ու ապահովեցին թանգարանի բացումը:
Նա ցավով նկատեց, որ այսօր թանգարանի համար ոչինչ չի արվում. «Շենքը վատ վիճակում է»,-ասաց նա և հույս հայտնեց, որ ապագայում կունենան հետաքրքիր լուծումներով, թանգարանին բնորոշ շենք:
Մշակութաբան, փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը նշեց,որ թանգարանն իր գոյությամբ անջրպետ դրեց « օֆիցիալ » և իսկական արվեստի միջև:
Ի դեպ, հյուրերը նշեցին, որ թանգարանի 40-ամյակին նվիրված տոնական միջոցառումները տեղի կունենա հունիսի 8-ին, որի ժամանակ կներկայացվի ցուցահանդես` պատմաժամանակագրական ցուցադրություն:










