Իսրայելի Օպերան կբեմադրի Կարմենը Հրեական անապատում

11:47 • 07.06.12

Ժորժ Բիզեի հանրահայտ Կարմեն օպերան կբեմադրվի Հրեական անապատում` հնագույն Մասադա ամրոցի ավերակների մոտ, գրում է The Guardian-ը:

 

Oպերայի արտասովոր բեմադրությունը դիտելու ընթացքում հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու` Մեռյալ ծովը, Հրեական անապատը և Մասադայի հնագույն ավերակներն իր մեջ ներառող հրաշալի բնապատկերը:

 

Կազմակերպիչներից 3 ամիս է պահանջվել 4 հազար քառ/մ լայնությամբ բեմ, ավտոկայան, հանդիսատեսի համար նախատեսված նստատեղեր և նվագախմբի հատվածը կառուցելու համար:

 

Նախապատրաստական աշխատանքներում ներգրավված է եղել 2 500 աշխատողներ, իսկ բեմադրությանը կմասնակցեն մոտ 450 պարողներ աշխարհի տարբեր երկրներից: Օպերայի բեմադրման նպատակով Մեծ Բրիտանիայից Իսրայել են բերվել 30 տոննա լուսային և ձայնային սարքավորումներ: Կարմենի երեք ու կես ժամանոց ներկայացման ընթացքում հանդիսատեսը կտեսնի իրական ձիեր, ավանակներ, շքեղ հանդերձանք և շարժվող գնացք:

 

Իսրայելի Օպերայից 2 տարի է պահանջվել Մասադայի ավերակների մոտ Կարմենը բեմադրելու թույլտվությունը ստանալու համար: