Էրեբունի ամրոցում մեկնարկել են հայ-ֆրանսիական արշավախմբի աշխատանքները

20:54 • 07.06.12

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի առաջին սաները, թվով 25 դպրոցականներ և ուսանող-երիտասարդներ, երեկվանից պեղումներ են իրականացնում դպրոցի ուսումնական պեղավայրում, այս նախաձեռնության մասին տեղեկացնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:


Ամբողջովին հողածածկ «հնավայրում», որը վերստեղծված է Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով, ստեղծված են հնագիտության բնագավառում 1-ին գործնական քայլերն անելու պատշաճ հնարավորություններ: Այսպես՝ արգելոց-թանգարանն ապահովել է այն բոլոր գործիքների ու պարագաների ձեռքբերումը, որոնք անհրաժեշտ են հնագիտական միջամտություններ իրականացնելու համար:


Պատանի հնագետների պեղումներին զուգընթաց Էրեբունի ամրոցի Խալդի աստծո տաճարին հարակից հատվածում երեկվանից մեկնարկել են հայ-ֆրանսիական արշավախմբի աշխատանքները` նոր քառամյա ծրագրի (2012-2015թթ.) շրջանակում:


Ողջունելով պատանիների մուտքը հնագիտության բնագավառ` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը նշել է, որ դպրոցը նպատակ ունի ոչ միայն իր սաներին կողմնորոշել դեպի հնագետի մասնագիտությունը, այլ նաև օգնելու է իրազեկ լինել հնավայրերում վարքագծի թույլատրելի և անթույլատրելի կանոնների համակարգին:


Գ. Գյուրջյանն անձամբ է պատանի հնագետներին օգնել` պեղումների հրապարակը բաժանել հնագիտական քառակուսիների և ընտրել հորիզոնի նիշը: Ուսումնական պեղավայրում 1-ին գործնական աշխատանքները ողջունել է նաև ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը ասելով`«Նա , ով ուզում է հնագետ դառնալ պետք է կարողանա անել 2 բան` շատ կարդալ և միշտ հիշել, որ հնագետն իր կամքից անկախ նաև «ավերում է»: Ահա թե ինչու պետք աշխատել փոքր գործիքներով և զգուշորեն»:


Ս. Դեշամպը հույս է հայտնել, որ դպրոցի սաներից շատերն ապագայում կհամալրեն Հայաստանի հնագետների թիմը և գուցե կաշխատեն հենց իրենց արշավախմբում: Ֆրանսիացի մասնագետը բարձր է գնահատել արգելոց-թանգարանի նախաձեռնությունը` այն համեմատելով Ֆրանսիայում վաղուց արդեն քննություն բռնած «Հնագետի ճամպրուկ» կրթաճանաչողական նախագծի հետ:


Էրեբունի ամրոցում և´ պատանիների, և´ հայ-ֆրանսիական պեղումները կշարունակվեն մինչև հունիսի վերջ:

Էրեբունի ամրոցում մեկնարկել են հայ-ֆրանսիական արշավախմբի աշխատանքները