Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը վաղը համերգ կտա ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆի հետ
Հայաստանում է ճանաչված թավջութակահար, Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Հյուլսհոֆը, ով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի հետ ելույթ կունենա հունիսի 8-ին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆը նշեց, որ արդեն իսկ հասցրել են նվագախմբի հետ մեկ փորձ կազմակերպել, ինչից ինքը խիստ տպավորված է: «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ, առաջին այցն է և շատ տպավորված եմ նվագախմբից, որը բարձր մակարդակի վրա է՝ թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, և թե՛ ներքին մթնոլորտով:
Առաջին անգամ եմ ելույթ ունենալու, բայց այսօր փորձի ժամանակ տպավորություն կար, թե տարիներ շարունակ միասին ենք աշխատել»,-ասաց նա:
Համերգային ծրագրից թավջութակահարը նախընտրել է Դմիտրի Շոստակովիչի և Էդվարդ Էլգարի կոնցերտները: «Ուրախ եմ, որ Էլգարն իր կոնցերտի համար հենց թավջութակն է ընտրել, որպեսզի գրի իր վերջին գործը՝ կյանքից հրաժեշտ տալուց առաջ: Այն տխուր է, նաև շատ էմոցիոնալ, դրական գործ է»,-ասաց թավջութակահարը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը շեշտեց, որ հետագայում ևս միասին իրականացնելու բազմաթիվ ծրագրեր կան՝ թե՛ Եվրոպայում, թե՛ Հայաստանում:
Նա համոզված է, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը չի զիջում աշխարհի բարձրակարգ նվագախմբերին: «Անընդհատ մոտենում ենք, շատ մոտ ենք, ուղղակի պետք է նաև բյուջեով մոտենանք և ինչու չէ՝ համեմատվենք Լոնդոնի հետ»,- ասաց Էդուարդ Թոփչյանը:
Վերջինս նշեց, որ առաջնակարգ երաժիշտների կողմից հայկական նվագախմբի հետ համերգ տալու առաջարկները եթե նախկինում հատուկենտ էին, ապա այսօր դրանք այնքան շատ են, որ նույնիսկ իրենք են ընտրում:
«Իհարկե, ֆինանսական խնդիրներ կան, մենք միշտ ունենք նվազագույն պայմաններ առաջարկելու խնդիր, բայց հույս ունենք, որ եկող սեզոնին այդ հարցը կլուծենք, մյուս տարի կունենանք առավել լավ հնարավորություններ»,-ասաց Էդուարդ Թոփչյանը և հույս հայտնեց, որ այդ դեպքում երկու տարի առաջ ֆիլհարմոնիկի ծրագրերը ճշգրտված կլինեն և նոր համերգի մասին չեն տեղեկացնի ինչպես այսօր՝ համերգի նախօրեին:










