Ամերիկահայ հայտնի գրողի Հայոց ցեղասպանության մասին վեպը լույս է տեսել ԱՄՆ-ում

11:02 • 08.06.12

Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը թողարկել է իր 14-րդ վեպը՝ «Ավազե ամրոցի աղջիկը» (Sandcastle Girl) վերնագրով: 299 էջանոց աշխատանքը Հայոց ցեղասպանության ողբերգության պատկերումն է՝ տարբեր մարդկանց փորձառության միջոցով: Սյուժեն կառուցվում է ցեղասպանությունից մազապուրծ, Հալեպում հայտնված ինժեներ Արմեն Պետրոսյանի և ամերիկուհի Էլիզաբեթ Էնդիքոթի սիրավեպի վրա: Վերջինս հոր հետ Օսմանյան կայսրություն է եկել՝ մարդասիրական աշխատանք իրականացնելու:

 

Սակայն ըստ Armenian Weekly-ի քննախոսականի՝ հենց «ցեղասանության ընթացքում հայերի հետ կատարվածի նկարագրությունն է, որ այդքան ազդու է դարձնում այս գիրքը»:

 

«Բոհջալյանի երկրպագուները կզգան, որ այս աշխատանքը տարբերվում է նրա նախորդ գործերից», - նշում է քննախոսականի հեղինակը՝ ընդգծելով, որ այս վեպը «ցեղասպանության պատմությանը հաղորդակից է դարձնում լայն հասարակությանը»:

 

Բոհջալյանը առավել հայտնի է իր «Մանկաբարձուհիները» բեսթսելերով, որի հիման վրա 2001-ին նաև համանուն ֆիլմ է նկարահանվել: