Շնորհիվ ԵՄ-ի աջակցության՝ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրն այս տարի կընդլայնի իր գործունեությունը

17:07 • 08.06.12

Դեռևս 2007թ-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում փոքր մասշտաբներով իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որը նախատեսված է Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչների համար, այս տարի կընդլայնի իր գործունեությունը՝ շնորհիվ Եվրամիության աջակցության:

 

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում ԵՄ գործառնական բաժնի ղեկավար Ժան Քրիստոֆ Գայրանը նշեց, թե հաշվի առնելով, որ մշակույթը ԵՄ զարգացման համագործակցության տեսլականի մի մասն է կազմում, հետևաբար, ԵՄ-ն Հայաստանին, ինչպես նաև, Վրաստանին, Թուրքիային և Ուկրաինային արժանացրեց դրամաշնորհի:


«Առաջին անգամն է, որ կիրականացվեն այնպիսի նախաձեռնություններ, որոնք կընդլայնեն մշակույթի փոխանակումը և ցանցի ստեղծումը ԵՄ, Արևելյան գործընկերության ու հարևան երկրների կինոգործիչների, նաև հանդիսատեսի միջև»,-ասաց Ժան Քրիստոֆ Գայրանը:


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, մասնավորապես, նշեց, որ ծրագիրը բաժանված է երեք մասից: Ըստ նրա, հուլիսի 9-11-ը կանցկացվի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը, որի ընթացքում կընտրվեն հինգ հայկական և հինգ թուրքական ֆիլմեր: Հարությունյանի փոխանցմամբ, մրցութային կարգով ընտրված հաղթողին կտրվի դրամական պարգև:


Մյուսը՝ «Կինոլրագրողներ առանց սահմանի» ծրագիրն է, որի միջոցով տարածաշրջանի երիտասարդ կինոլրագրողներին հնարավորություն կընձեռվի տեսականորեն և գործնականում զարգացնելու կինոլրագրության և կինոքննադատության հմտությունները: 2012 թ. հուլիսի 4-ից 7-ը դասընթացներ կանցկացվեն սկսնակ լրագրողների և ուսանողների համար:


Ծրագրի երրորդ փուլում՝ հուլիսի 11-ից 15-ը, կանցկացվեն նաև սցենարի և արտադրության զարգացման դասընթացներ:
«Ռեժիսորներ առանց սահմանների» եռօրյա ծրագիրը կներառի սցենարի և կինոարտադրության զարգացման դասընթացներ, կներկայացվի մրցութային կարգով ընտրված մոտ՝ 12 կինոնախագիծ: Ներկայացված լավագույն ֆիլմին կտրվի դրամաշնորհ:


Սցենարի և արտադրության զարգացման դասընթացների միջազգային խորհրդատու Ջեկ Գալստյանը նշեց, որ նախագծերի սկզբունքը տեղական պատմություններ ներկայացնելն է, որոնք կհետաքրքրեն հանրությանը: «Սցենարի սկզբունքը այդ երկու կետերն են, վերցնել տեղական և քաղաքական խնդիրները և կարողանալ հետաքրքրել տարածաշրջանից դուրս ապրող մարդկանց»,-ասաց նա և ավելացրեց, որ հրավիրել են միջազգային հայտնի մասնագետների, որոնք կաշխատեն 12 նախագծերի վրա:


«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը հնարավորություն կտա մի շարք սեմինարներ և դասընթացներ կազմակերպել Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ադրբեջանում բնակվող կինոգործիչների համար: