Անմեղ հողագործի վրա կրակ բացելը տականքություն է. Շուշան Պետրոսյան
Հայաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը հուլիսին հայ երգիչների հետ բարեգործական համերգային ծրագրով հանդես կգա սահմանամերձ Տավուշի մարզում, որտեղ վերջին օրերին ադրբեջանական կողմից տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շուշան Պետրոսյանը:
«Հուլիսին կլինի համերգային բարեգործական ծրագիր, որին կմասնակցեն երգիչներ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Հասմիկ Կարապետյանը, Մակիչը, և տեսնեմ` էլ ում կառաջարկեմ: Ես ցանկանում եմ այն մարդկանց մասնակցությունը, ում հետ ճանապարհ եմ գնացել: Ես միշտ համերգային ծրագրերով եմ հանդես գալիս սահմանամերձ այն հատվածներում, որ անմիջական շփման գիծ ունի Ադրբեջանի հետ, և շատ հազվադեպ է պատահում, որ համերգ տամ, ասենք, Վանաձորում կամ ուրիշ տեղ»,-ասաց Շուշան Պետրոսյանը:
Հարցին, թե վերջինս ի՞նչ գնահատական է տալիս ադրբեջանական սանձարձակ գործողություններին, Շուշան Պետրոսյանն ասաց, որ անմեղ հողագործի վրա կրակ բացելը տականքություն է:
«Որպես հայ մարդ` կարող եմ ասել, որ տականք են իրենք: Մի երկրում, ուր հայի վրա կրակելու համար իրենց «պագոնի» աստղն են ավելացնում, դա ոչ այլ ինչ է, քան տականքություն: Վանդալիզմ է ինձ համար այն, ինչ անում են այսօր ադրբեջանցիները»,- ասաց Շուշան Պետրոսյանը:
Երգչուհին հորդորում է նաև, որ լրատվական միջոցները շատ զգուշությամբ լուսաբանեն այն, ինչ կատարվում է այսօր. «Ես վերջերս նամակներ եմ ստանում Ոսկեպարի, Չինարի գյուղերից, որտեղ մարդիկ ինձ ճանաչում են, նրանք հորդորում են, որ ամեն ինչ չէ , որ պետք է ասել և գրել, քանի որ Ադրբեջանում ուսումնասիրում են մեր լրատվամիջոցները: Կան նաև լրատվականներ, որոնք ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին, որոնց արածը դատապարտելի է»,- եզրափակեց Շուշան Պետրոսյանը:










