Ինչ լավ է, որ մարդիկ, հատկապես, արտասահմանցի հյուրերը, Դվինի ավերականեր համարյա չեն այցելում
Tert.am կայքի խմբագրությունն ստացել էր նամակ՝ Ժորժ Համյան ստորագրությամբ, որում վերջինս մտահոգությամբ ներկայացնում է այն անտարբերության մատնված վիճակը, որում այսօր գտնվում են Հայոց հնագույն մայրաքաղաք Դվինի ավերակները:
Նամակում Ժորժ Համյանը գրում է. «Ինչ լավ է, որ մարդիկ, հատկապես, արտասահմանցի հյուրերը, Դվինի ավերակներ համարյա չեն այցելում ու նրա թանգարանի կավե ամանների մեջ չեն նայում, ինչի համար չգիտեմ` ու՞մ պիտի շնորհակալություն հայտնել:
Լավ է, որովհետև արտասահմանցի զբոսաշրջիկը հաստատ մտնելու է ծածկը թափվող Դվինի թանգարան ու նայելու է այդ կավե ամանների մեջ:
Լավ է, որովհետև այցելուն Դվինի խեղճուկրակ տեսքից ոչ միայն չի ընկալի նրա վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը՝ որպես Արմենիա կուսակալության կենտրոն, որը ժամանակին իր մեջ ներառել է Վրաստանն ու Աղվանքը, այլև կհանդիպի մի ամայի, փուշ ու տատասկով ծածկված տեղավայրի, որտեղ տեղադրված ցուցատախտակը միայն կհուշի, որ տարածքը ժամանակին եղել է Արևելքի նշանավոր քաղաքներից»:
Վերջինս անշուք ցուցատախտակից մի քիչ ներքև, խաչերով շրջապատված անկյունում հանդիպել է մի տատիկի, ով Դվին այցելող զբոսաշրջիկների ու հյուրերի համար «լեկցիա է կարդացել», թե «այստեղ է Խոր Վիրապն ու «Վիրապի» ծննդավայրը», և ամեն անգամ անհարմար դրության մեջ հայտնվել, երբ արտասահմանցի հյուրերը թանգարանի կավե ամանների մեջ հայտնաբերել են բուռ-բուռ «բիչոկներ», իսկ թանագարանի պահակն էլ հյուրերին դիմավորել է «մուննաթը երեսից ծորացնելով»:
Հեղինակը շարունակում է հայոց հնագույն մայրաքաղաքի ավերակների անուշադրության թեման.« Հետո ի՞նչ ,որ Հռոմը բացել է իր դռները հայոց մայրաքաղաք Դվինին նվիրված ցուցահանդեսի առաջ ու չի էլ փակում՝ երեք ցուցասրահներում ներկայացնելով Դվինի հարուստ պատմամշակութային` ճարտարապետական, տնտեսական և հոգևոր արժեքները:
Ի՞նչ անենք, որ իտալական քաղաքում խոսում են հայկական քաղաքակրթության մասին, իսկ Հայաստանում շատերը չգիտեն անգամ հայոց հնագույն մայրաքաղաքի ավերակների մասին: Կրակն ենք ընկե՞լ, որ Դվինը, իտալացիների ասելով, հայկական մայրաքաղաք է Եվրոպայի և Ասիայի միջև:
Դեհ հիմա արի ու անլեզու բերան արտասահմանցի հյուրերին հասկացրու, որ մեր պատկան մարմինները կարևոր գործերով են զբաղված և ժամանակ չունեն Դվին այցելող հյուրերի ճամփան մաքրել փշերից ու աթարից… Դեհ, արի ու բացատրի, որ ծածկը թափվող թանգարան մտնելը վնասակար է առողջությանը»,-ամփոփում է նամակագիրն ու «շնորհակալություն» հայտնում, որ ամեն ինչ արվել է որպեսզի հայոց հինավուրց քաղաքը՝ Դվինը անուշադրության մատնվի:
«Հիմա պատկան մարմինները կասեն՝ Դվինի ավերակներն ու նրա թանգարանը պատշաճ ներկայացնելու զահլա չկա:Ավելի լավ է զբաղվենք Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց հնագույն մայրաքաղաք Անիի հարցերով, որն անմխիթար վիճակում է հայտնվել ու խաթարվում է նրա կերպարը: Ճիշտ եք: Անին շատ ավելի կարևոր է , բայց խոստացեք, որ Դվինի ավերակներին էլ մի օր հաստատ ուշադրություն կդարձնեք»,- գրում է Ժորժ Համյանը՝ մի խոստում «կորզելով» Մշակույթի նախարարությունից, թե կփակցվի գրություն առ այն, որ Դվինի թանգարանում արգելված է ծխախոտ հանգցնել IV–IX դարերի խեցեգործության հազվագյուտ նմուշների մեջ:
Նամակում արտահայտված մտահոգությունների առնչությամբ դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարություն: Tert.am-ին նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը հայտնեց, որ Արարատի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում, Հնաբերդ համայնքում հաշվառված քաղաքատեղի Դվին հանրապետական նշանակության հուշարձանի պահպանությունն իրականացնում է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը, որի 2012-ի աշխատանքային ծրագրում է՝ Դվին հնավայրը պատմամշակութային արգելոց-թանգարանի վերածելու հայեցակարգի մշակումը:
«Դվին հնավայրի կանոնավոր պեղումները սկսվել են 1930-ական թթ. և շարունակվում են առ այսօր: Հուշարձանի տարածքում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից կառուցվել են փայտե տնակներ` մասնակիցների հանգստի, հնագիտական նյութերի մշակման, մաքրման, դասակարգման, ժամանակավորապես պահելու նպատակով: Դվինի արշավախմբին պատկանող տնակներից մեկում տարիներ առաջ հնագետները ստեղծել են աշխատասենյակ-ցուցասրահ, ուր պարբերաբար տեղադրվում են պեղումների ընթացքում հայտնաբերվող և ուսումնասիրության փուլում գտնվող հնագիտական նյութեր: Այդ սրահը թանգարան չէ»,-տեղեկացրեց Գայանե Դուրգարյանը:
Հիշեցնենք, որ տարիների ընթացքում հայտնաբերվել են Վաղ բրոնզի շրջափուլի, Ուշ բրոնզի-Վաղ երկաթի շրջանի հնագիտական շերտեր, անտիկ դարաշրջանի թաղումներ և միջնադարի վաղ և զարգացած փուլերին պատկանող արտեֆակտեր: Վերջին տարիներին Դվինում գործում է նաև հայ-ամերիկյան համատեղ հնագիտական արշավախումբը:
Մշակույթի նախարարությունից հայտնում են նաև, որ Դվինի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված հարուստ հնագիտական նյութերը ներկայումս ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի համապատասխան ցուցասրահում:










