Ճապոնացի գրողի սարսափ պատմությունները հրատարակվում են զուգարանի թղթերի վրա
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել պետական աջակցություն ցուցաբերել զուգարանի թղթեր արտադրող «Հայասի սեյսի» ընկերության մի նախագծի, որով զուգարանի թղթերի վրա հրատարակվում են ճապոնացի հայտնի գրող Կոձի Սուզուկիի սարսափ պատմությունները, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով ճապոնական մամուլին:
Որոշ ժամանակ առաջ «Հայասի սեյսի»-ի ղեկավարությունը դիմել է գրողին` խնդրանքով նման պատմվածքներ գրել հատուկ զուգարանի թղթերի վրա հրատարակվելու համար: Սուձուկին չի մերժել: Արդեն վաճառվել է 300 հազ զուգարանի թղթագլան: Ընկերությունն էլ, տեսնելով նախագծի հաջողությունը, որոշել է դրանք արտահանել: Սկզբնական շրջանում դրանք կվաճառվեն միջազգային օդանավակայանների խանութներում: Սուձուկիի պատմվածքով զուգարանի մեկ թղթագլանը կվաճառվի 200 իենով` 2.5 դոլար:
Այս յուրօրինակ նախագծի հովանավորությամբ կզբաղվի երկրի էկոնոմիկայի, առևտրի ու արդյունաբերության նախարարությունը: Նախարարությունն այս քայլը դիտարկում է որպես Ճապոնիայի ժամանակակից արվեստի` երկրի սահմաններից դուրս քարոզչության մի մասնիկը:
Սուձուկիի պատմվածքների հիման վրա մի շարք երկրներում նկարահանվել են սարսափ ֆիլմեր ու հեռուստասերիալներ:










