Իտալացի մասնագետները հնագիտական և որմնանկարների վերականգնման ու պահպանման դասընթացներ են սկսում Հայաստանում
ՀՀ Մշակույթի նախարարությունը հազվադեպ է այնքան շատ բանախոսներով հանդես գալիս, ինչպես այսօր, երբ ներկայացվեց հայ-իտալական մշակութային համագործակցության նոր կողմերից մեկը:
Նախարարության հարկի տակ նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, Կրթության և գիտության նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, «Մշակութային զարգացման հայ-իտալական» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին և միջոցառմանն առնչվող այլ անձինք ներկայացրեցին Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկը: Դրա շրջանակներում նախատեսվում է այսօրվանից սկսել որմնանկարների պահպանմանը և վերականգնմանը նվիրված դասընթացներ, որոնք կտևի մինչև դեկտեմբեր:
Հենց այսօր մեկնարկում է հնագիտական դասընթացը Երևանի ճարտարապտեական և շինարարական պետական համալսարանի ուսանողների հետ, որը կտևի մինչև դեկտեմբեր: Որմնանկարների պահպանմանը և վերականգնմանը նվիրված դասընթացը կմեկնարկի հունիսի 25-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ը:
Դասընթացները բաղկացած են տեսական և գործնական մասերից: Անցկացվելու են Երևանում և Գյումրիում, հիմնականում՝ Արուճի պեղավայրում:
Դասընթացներին կմասնակցեն մեկ տասնյակ ուսանողներ ԵՃՇՊՀ-ից, պարապմունքները կանցկացնեն Միլանի պոլիտեխնիկի 5 դասախոսներ: Դասընթացն անվճար է, առաջադեմ ուսանողներին կտրվեն վկայականներ:
Նախատեսվում է, որ դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն հնագույն և ժամանակակից որմնանկարների վերականգնման հիմնային պատրաստվածություն:
Իտալիայի դեսպանը միջոցառման առիթով իր ելույթում նկատեց՝ պատահական չէ, որ հենց այդ երկիրն է հանդես եկել նման նախաձեռնությամբ. Իտալիայի տարածքում է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության միավորների 70 տոկոսը: Հենց Իտալիայի ԱԳՆ-ն է ֆինանսավորում նախագիծը: Լրագրողների՝ ֆինանսավորման մասշտաբները պարզելու բոլոր փորձերն ապարդյուն անցան՝ մշակույթի փոխնախարարի այն կանխարգելող նկատառումով, թե քննարկման ավելի կարևոր կողմեր կան:










