Ուկրաինացի նկարիչը նկարազարդել է խորհրդային դժգույն շենքի մուտքը (լուսանկարներ)
Ուկրաինայի Օդեսսա քաղաքի բնակիչ, գեղանկարիչ Վալերի Հարունը ստեղծագործելու համար միանգամայն յուրահատուկ վայր և միջոց է գտել։ Խարհրդային տարիներին կառուցված բազմահարկ շենքի մուտքի պատերը դարձել են Հարունի ստեղծագործությունների հիմնական վայրը, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը։
Նա չի զլացել, և իր հարկը գունազարդելուց հետո, որոշել է գեղագիտական հաճույք պարգևել նաև հարևաններին։ Վերջինները չեն առարկել, քանի որ մուտքի անմխիթար վիճակը վերածվել է հեքիաթային հերոսներով գունազարդված պատերի։
Հարևաններից մեկի հավաստմամբ՝ նախ Հարունը նկարել է մուտքի առաջին երկու հարկերի պատերին, ինչից հետո, հարևանները համոզվել են, որ նկարչի աշխատանքերն իսկապես գեղեցիկ տեսք կհաղորդեն իրենց մուտքին, և մեծ եռանդով աջակցել են մուտքի գունազարդման աշխատանքներին։
3 տարի անց Հարունին հաջողվել է ամբողջությամբ «պայծառացնել» հնացած շենքի մուտքը։ Նշվում է, որ արդեն հարևան շենքերի բնակիչները նույնպես հետաքրքրված են Հարունի աշխատանքներով, շատերը նույնիսկ հատուկ մտնում են այդ շենք, որպեսզի տեսնեն դրանք։










