Ատոմ Էգոյանը կքանդի «Սատանայի հանգույցը». սկսվում են Էգոյանի նոր ֆիլմի նկարահանումները (լուսանկարներ)
Ատոմ Էգոյանը վերջապես գտել է իր նոր ֆիլմի գլխավոր դերակատարին, հայտնում է Variety հանդեսը` անդրադառնալով «Սատանայի հանգույց» աշխատանքին, որ ձեռնարկել է Էգոյանը:
Ռեժիսորն իր հերոսին ընտրել է երկրով մեկ անցկացված քասթինգների արդյունքում և նրա ընտրությունը կանգ է առել Նեբրասկայի Ուեսլեյան համալսարանի դերասանական ֆակուլտետի ուսանող Ջեյմս Համրիկի թեկնածության վրա: Վերջինս այս մրցակցության մեջ հաղթել է տասնյակ հոլիվուդյան դերասանների:
Հոլիվուդի աստղերից Էգոյանն այս անգամ աշխատելու է օսկարակիր դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի, օսկարակիր դերասան Քոլին Ֆիրթի (նրա հետ Էգոյանն արդեն աշխատել է) և ամերիկյան մի շարք հայտնի ֆիլմերում հանդես եկած Ալեսանդրո Նիվոլայի հետ:
«Աատանայի հանգույցը» քրեական դրամա է՝ լրագրող Մարա Լևերիթի համանուն բեսթսելլերի հիման վրա: Սա Ամերիկան ցնցած պատմություն է. 1994-ին 3 երիտասարդ դատապարտվեցին՝ մահվան և ազատազրկման, Արևմտյան Մեմֆիսում սատանիստական ծեսի ժամանակ 8-ամյա երեք տղաների սպանելու համար: Անցած տարի մասնավոր խուզարկուի ջանքերի շնորհիվ ապացուցվեց, որ նրանք իրականում անմեղ են և 18 տարի բանտում անցկացնելուց հետո տղաներն ազատ արձակվեցին 2011-ին:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ վերջնականապես լուծված են ֆիլմի ֆինանսավորման խնդիրները (դրա շուրջ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել Կաննի կինոփառատոնի ժամանակ), և հունիսի 25-ից Էգոյանը սկսում է նկարահանումները մի պատմության, որն ինքը անվանում է «Ամերիկյան դիցաբանության իրապես զորեղ դրվագ»:










