Սեքս, դուդուկ և Շեքսպիր. Սունդուկյանը ներկայացրեց «Ջոն արքայի» նորագույն ընթերցումը (լուսանկարներ, տեսանյութ)
Ավելի քան մեկ դար առաջ Թումանյանը նկատել է, որ Շեքսպիրի թարգմանությունները մի տեսակ ազգի զարգացման աստիճանը սահմանող ցուցանիշ են: Մասնավորապես Մասեհյանի «Համլետի» առաջին հրատարակության առիթով Թումանյանը գրել է. «Շեքսպիրը դարձել է մի չափ` ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի` տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի` տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի` տկար է»…
Ինչ խոսք, ասվածն արդիական է մնում նաև այսօր, ինչպես ինքը՝ հավիտենական Շեքսպիրը: Հայերենը այս կտրվածքով, պետք է կարծել բավական համոզիչ ապացուցել է իր ոչ տկար լինելու հանգամանքը, իսկ հայրենի թատերական գործիչները միշտ էլ հավակնոտ են եղել «Շեքսպիր հասկանալու» հարցում:
Մեր օրերում ոչ պակաս կարևոր ցուցիչներ են Շեքսպիրի «ընթերցումները»՝ թատերական բեմադրությունների տեսքով:
Հենց այդպիսի մի կարևոր ցուցիչ է Սունդուկյանի թատրոնի «Ջոն Արքայի» նոր մեկնությունը՝ ըստ Խաչիկ Դաշտենցի դասական թարգմանությամբ և Տիգրան Գասպարյանի նորարարական բեմադրությամբ:
Թարգմանության այս «ընթերցումը» ոչ պակաս «հայերեն» էր ստացվել, նախևառաջ՝ երաժշտական ձևավորման կտրվածքով. օգտագործված էր դուդուկ, ինչը հասցրել էր արդեն տպավորել անգլիացիներին:
Ապրիլին Սունդուկյանի թատերախումը այս ներկայացումով հանդես էր եկել Լոնդոնի լեգենդար Գլոբուս թատրոնում՝ շեքսպիրյան փառատոնի շրջանակներում:
Globe to Globe խորագրով փառատոնի շրջանակներում 37 երկրների թատրոններ իրենց լեզուներով Շեքսպիր էին ներկայացրել մի թատրոնում, որտեղ ի սկզբանե իր աշխատանքները իր կենդանության օրոք ներկայացրել էր մեծ անգլիացին:
Սունդուկյանի այդ աշխատանքին ու դրա հաջողությանը Հայաստանում ծանոթացան հրապարակումներից, որոնցում հիմանականում ասվում էր, թե ինչ հիացած են անգլիական մամուլն ու հանդիսատեսը: Դա գիտեին բոլորը, սակայն ցավոք, անգամ լրագրողներից, քչերին էր հայտնի, որ Տիգրան Գասպարյանի բեմադրությամբ «Ջոն Արքան» երևանյան պրեմիերա է:
Թատրոնի ղեկավարությունը՝ ի դեմս ներկայացման բեմադրիչ և նորանշանակ գլխավոր ռեժիսոր պարոն Գասպարյանի, լրագրողների հետ հանդիպմանը ևս շահարկեց այն, թե ինչ է գրել անգլիական մամուլը, մասնավորապես խոսելով Guardian-ի մասին: Այս առիթվ Guardian-ի քննախոսականը թարգմանաբար ներկայացրած Tert.am-ը ստիպված էր նկատել, որ դա ավելի շատ մոտ էր քննադատությանը: Գասպարյանը չցանկացավ ընդունել, որ Guardian-ի գրածը քննադատություն է, մեջբերելով Guardian-ի միայն այն դիտարկումը, թե սեքսի տեսարանը կարող էր անհարմար վիճակ ստեղծել միջոցառմանը ներկա երեխաների համար…
Եթե վերանանք անգլիական մամուլից վճռորոշ գործոնի դեր վերապահելուց, ապա պետք է նկատել, որ ներկայացումը ինքնին բավականին արժեքավոր է: Եվ եթե որևէ մեկին պետք է շնորհակալ լինել դրա հաջողության համար, ապա, ոչ թե բրիտանական ԶԼՄ-ներին, այլ, գուցե առաջին հերթին, Globe թատրոնի ղեկավարությանը: Հենց վերջինս է առաջարկել, որ Սունդուկյանը ներկայացնի «Ջոն արքան»:
Անհավանական է, սակայն Գլոբուս թատրոնում Շեքսպիրի այս գործը երբևէ չի ներկայացվել. այս առումով Սունդուկյանի բեմադրության կարևորությունը իսկապես պատմական է:
Ներայացումը հազվադեպ է նաև երևանյան բեմի համար. մինչ այս 30 տարի առաջ կրկին Սունդուկյանի բեմում ողբերգությունը բեմադրել էր Խորեն Աբրահամյանը: Այսօր ողբերգությունը վեր էր ածվել տրագիկոմեդիայի և ֆարսի խառնուրդի: Ընդ որում՝ բավականին հաջող, անսպասելի, սակայն, ընդհանուր առմամբ, ներդաշնակ:
Միակ բանը, որ ի վնաս այս ներկայացման էր չափազանց շատ «բեմական աղմուկ-աղաղակն» էր՝ ավելի շատ մի ոճով, որի համար Հայաստանում մեղադրում են Դրամատիկ թատրոնին (Բաստարդ խաղացող Տիգրան Ներսիսյանի ձայնը մի քանի անգամ նույնիսկ բարակեց-խզվեց՝ պոռթկուն արտահայտությունների ժամանակ):
Առանձին անհարթություններ էին առաջացնում չափազանց հայկական հնչող երաժշտական հատվածների պատճառով: Չնայած սուր կոնտրաստին, ընդհանուր երաժշտական ձևավորումը բարձր մակարդակում էր: Կոստյումների հեղինակները և դիմահարդարները ևս ջանք չէին խնայել. առանձնապես տպավորիչ էին Ջոն արքայի գրպանում տեղավորվող թագը, Նելլի Խերանյանի ցնցող վհուկային դիմահարդարումը դերում և այլն: Անսպասելի հաջող էր բեմում ճամպրուկներ խաղարկելը. դրանք ծառայում էին գրեթե ամեն ինչ՝ զենքերից մինչև գահ:
Հետաքրքրական է, որ ոչ երիտասարդ դերասանները նախանձելի ճարպկությամբ (ու թերևս իրենց համար վտանգներով հղի) այդ ճամպրուկների վրա վերուվար էին անում:
Ոչ միայն այդ առումով գլխավոր դերակատարներից առանձնապես փայլեցին Արմեն Մարությանը (Ջոն արքա), Տիգրան Ներսիսյանը (Բաստարդ), իսկ Նելլի Խերանյանը (Էլինոր) պարզապես անզուգական էր:
Թվում է, սակայն, հայ հանդիսատեսի համար (պրեմիերային ներկա էր նաև Սերժ Սարգսյանը) դեռ այնքան էլ ընկալելի չի լինի (նախատեսվում է «Ջոն արքան» խաղացանկային դարձնել աշնանը) կոպիտ սեքսի տեսարանը Բլանշի (Լիանա Արեստակեսյան) և Լյուդովիկի (Դավիթ Գասպարյան) միջև: Սակայն, այդուհանդերձ, պետք է կարծել, որ աշխարհի շատ քիչ ծեգերում է հաջողվել խոսքն ու գործը, տվյալ դեպքում՝ սեռական գործողությունն ու Շեքսպիրի երկխոսությունները այսպես տպավորիչ համադրել: Առանձնանում էր նաև Արմեն Մարգարյանը՝ կարդինալ Պանդոլֆի դերում:
Ներկայացման ավարտին հաջորդած մոտ 7 րոպե տևած բուռն ծափահարությունը վատ գնահատական չէ (ցավոք, ներկայացման բուն ընթացքում հանդիսատեսը ծափահարում էր նաև չափազանց հայկական երաժշտական հատվածների ժամանակ՝ ակնհայտորեն ոչ ի նշան դերասանական խաղի կամ ռեժիսորական լուծումների գնահատանքի):
Նախքան բեմադրության աշնանային ներկայացումը ավելի լայն հանդիսատեսի համար առայժմ հնարավոր է հետևել դրա տեսագրված հատվածին և դերասաններին՝ կուլիսներում՝ բեմ դուրս գալուց րոպեներ առաջ:










