Վիկտոր Ցոյ - 50. նոր ֆիլմ, անհայտ երգ և հարցազրույց Ցոյ ավագի հետ
Վիկտոր Ցոյի ծննդյան հոբելյանին ընդառաջ Комсомольская Правда-ն հարցազրույց է ներկայացրել նրա հոր՝ Ռոբերտ Ցոյի հետ.
«74-ամյա Ռոբերտ Ցոյը փորձում է խուսափել մամուլի հետ շփումներից, սակայն անսպասելի համաձայնեց հանդիպել КП-ի թղթակցի հետ. գրում է պարբերականը:
-Իհարկե, ես հպարտության զգացում ունեմ, երբ շուրջն այդքան մարդիկ իմ որդու մասին են խոսում: Նրա մահից հետո շատերն ասում էին, որ կանցնի 1-2, լավ՝ 5 տարի և կամաց-կամաց նրան կմոռանան: Սակայն՝ ոչ: 22 տարի է անցել, իսկ նրա հռչակը չի նվազում, այլ միայն աճում է ամեն տարվա հետ: Դա ֆենոմեն է: Այնպիսի հռչակ, ինչպիսին ունի իմ Վիտկան, ոչ ոք չունի:
-Մի՞թե ես կարող եմ դեմ լինել սեփական որդուս. լեգենդի հայրը հերքել է լուրերն այն մասին, թե ինքը դեմ է Սանկտ Պետերբուրհում որդու արձանի կանգնեցմանը:Ասել է, որ կողմ է նաև նրա անունով փողոց անվանակոչելու ակտիվիստական նախաձեռնությանը:
- Այո, ես փող եմ ստանում, ընդ որում՝ շատ լավ փող. երկու կյանքի կբավականացնի,- ասել է Ցոյ ավագը՝ անդրադառնալով այն բանին, որ ինքը հոնորարներ է ստանում որդու երգերի, նրա պատկերով շապիկների և այլ պարագաների վաճառքից:
Ռոբերտ Ցոյը պատմել է, թե ինչ ծանր է դասավորվել իր կյանքը որդու ողբերգական մահից հետո. մահացել է իր կինը, նաև կենդանի չէ այլևս Վիկտորի կինը, միայն թոռն է մնացել:
1962-ին այս օրը ծնվել է ռուսական-խորհրդային ռոքի լեգենդ Վիկտոր Ցոյը, որը կարիերայի գագաթնակետին 28 տարեկանում 1990-ի օգոստոսի 15-ին զոհվեց ավտովթարից:
Ցոյի հոբելյանի առիթով նրա հիշատակը կոգեկոչվի բացառիկ համերգով: Մասնավորապես КИНО խմբի կիթառահար Յուրի Կասպարյանը Պետական Էրմիտաժի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա մեծ համերգով:
Իր հոբելյանի առիթով երկրպագուներին ակամա «նվեր կմատուցի» ինքը՝ հոբելյարը. կհնչի նրա հազվագյուտ Атаман երգը, որը դարակներում է մնացել 22 տարի: Այդ երգը կլինի ռուսական Առաջին ալիքի եթերում:
Մեկ այլ ռուսաստանյան հեռուստաալիք՝ НТВ-ն, իր հարգանքի տուրքը կմատուցի ոչ պակաս բացառիկ ֆիլմի տեսքով. այսօր երեկոյան կներկայացվի Ալեքսեյ Ուչիտելի «Վերջին հերոսը» ֆիլմը Ցոյի մասին, որը անվանի ռեժիսորը սկսել է նկարահանել դեռ երաժշտի կենդանության օրոք:










