Արցախում ժամանակակից ու համաշխարհային գրականության պակաս կա. Ստեփանակերտի քաղաքային գրադարանի տնօրեն

20:10 • 24.06.12

Արցախի գրադարանները թարմ և ժամանակակից գրականության կարիք ունեն: Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կոնկրետ իրենց գրադարանում շուրջ 56 հազար կտոր գիրք կա, որոնք ներառում են տարբեր ոլորտներ` գեղարվեստականից մինչև տեխնիկական, բայց, ըստ նրա, դրանք հին են և չեն բավարարում արցախցու պահանջները:
 


«Արցախցիները շատ ընթերցասեր են: Օրինակ` մայրաքաղաքի` Ստեփանակերտի բնակիչները նախընտրում են նոր ու ժամանակակից գրողների: Ուզում են ընթերցել նոր գրականություն, ուզում են շփվել համաշխարհային գրականության նոր ստեղծագործությունների հետ: Բայց մենք դրա հնարավորությունը չունենք, կտրված ենք ամբողջ աշխարհից»,- ասաց նա և ավելացրեց, որ կյանքը առաջ է գնում, հազար բան է փոխվում, բայց գրքերը հին են մնում:
 


Բացի նրանից, որ Արցախում նորագույն գրականության նմուշները չեն հասնում, հների քանակն էլ տարի ընթացքում մաշվել են և պակասել: Տիկին Խաչատրյանը նշեց, որ արցախցիները հաճախ են դժգոհում գրքերի պակասից:


«Լավ կլիներ, որ Հայաստանի հրատարակչությունները մեզ պարբերաբար գրքեր ուղարկեին, այնպիսի գրքեր, որոնք չկան մեր գրադարաններում: Մենք որտեղի՞ց ու ո՞նց դրանք ձեռք բերենք: Այսօր ոչ ոք գրադարանների մասին չի մտածում: Բնական է՝ ո՞վ այսօր գիրք կտա առանց գումարի: Լավ է, որ գոնե վերջերս Ստեփանակերտում նոր գրատուն է բացվել, որտեղ բավականին լավ գրականություն կա, և այնտեղից կարելի է գրքեր ձեռք բերել: Այդ տեսակետից մենք շատ ուրախ ենք»,-ասաց նա:


Հարցին, թե երբևէ դիմե՞լ են հրատարակչություններին` իրենց ժամանակ առ ժամանակ գրքեր փոխանցելու խնդրանքով, նա պատասխանեց. «Արցախում միայն մեկն է, մնացածը Երևանում են և նրանք դրա հնարավորությունը չունեն»:


«Գրադարանները պետք է այնքան գրքերով համալրվեն, որ մարդիկ ակամա գնան գրադարան: Սա օրվա խնդիր է դարձել»,-ասաց տիկին Խաչատրյանը: