Ամերիկացի նկարչի «ածխանկարներ»-ը լուսանկարներից ոչնչով չեն տարբերվում (տեսանյութ, լուսանկարներ)

15:40 • 25.06.12

Նյու Յորքում բնակվող գեղանկարիչ Ռոբերտ Լոնգոյի ածուխով ստեղծված գրաֆիկական աշխատանքներն իրենց հստակությամբ անչափ դժվար է զանազանել լուսանկարներից, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:

 

Առաջին հայացքից թվում է, թե առանց համակարգչային միջամտության հնարավոր չէ այդքան ճշգրիտ պատկերել մարդկանց, ծովի ալիքներ կամ կենդանիներ: Սակայն Լոնգոն նախընտրել է գրաֆիկայի դասական տարբերակը` սպիտակ ստվարաթուղթ, փայտածուխ և սև ներկանյութեր ու բազմաժամյա քրտնաջան աշխատանք:

 

Ամերիկացի գեղանկարչի աշխատանքները ցուցադրվել են տասնյակից ավելի միջազգային ցուցահանդեսներում: Ինչպես նշել է ծագումով Լոնգ Այլենդ կղզու բնակիչը` նրա աշխատանքների վրա մեծ ազդեցություն ունեն գեղարվեստական և վավերագրական ֆիլմերը, հեռուստահաղորդումներն ու կատակերգական գրքերը:

 

Հերթական աշխատանքը ստեղծելու համար Լոնգոն օգտագործում է հիպերռեալիզմի չգրված կանոնը` երբ ցանկացած լուսանակար արտապատկերվում է մեծ ստվարաթղթին, ինչից հետո միլիմետրերի ճշտությամբ առանձնացվում են լույսն ու ստվերը: