Տոլմայի փառատոնը կանցկացվի հուլիսի 11-ին Սարդարապատում

11:50 • 09.07.12

Հուլիսի 11-ին Սարդարապատ հուշահամալիրի հարակից տարածքում կկայանա Տոլմայի համահայկական փառատոնը:


Փառատոնի կազմակերպիչն է «Հայ խոհարարական ավանդույթների պահպանում ու զարգացում» հասարակական կազմակերպությունը:


Կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ նույն օրը Հանրապետության հրապարակից ավտոբուսներով բոլոր ցանկացողներն անվճար կտեղափոխվեն Սարդարապատ: Միջոցառումը կսկսվի երեկոյան ժամը 18-ին:

 

«Սա մեր ոչ նյութական մշակութային արժեքն է և մենք ցանկանում ենք աշխարհին ներկայանալ նաև մեր խոհանոցով: Ադրբեջանցիներն ու թուրքերը պարբերաբար ոտնձգություն են անում մեր տոլմա ճաշատեսակի ազգային պատկանելիության վրա: Եվ հենց այս ամենի դեմ փոքր-ինչ պայքար մղելու համար, մենք որոշեցինք փառատոն կազմակերպել՝ նվիրված հենց տոլմային»,- ասաց նա:

 

«Հայ խոհարարական ավանդույթների պահպանում ու զարգացում» ՀԿ-ի տնօրեն Գարիկ Գևորգյանը նշեց, որ ներկայացված տաղավարներում ոչ միայն կեփվի տոլմա, այլև այն կմատուցվի այցելուներին:

 

«Կներկայացվի տոլմայի ավելի քան 70 տեսակ: Դրանցից մեկը թոնրի տոլման է, որը շատ յուրօրինակ է: Այս տոմլան անցկացվում է խորովածի շշերով և կախվում թոնրում: Կա տոլմա, որը պատրաստվում է դդումի ծաղկի մեջ և այլն: Ներկաները կարող են վերցնել իրենց դուր եկած տոլմայի բաղդրատոմսը»,- ասաց Գարիկ Գևորգյանը:


Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, ով ներկա էր մամլո ասուլիսին, նշեց, որ տոլմայի փառատոնը համատեղվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերի հետ այն պատճառով, որ այսօր Հայաստանում են գտնվում մի շարք ճանաչված մարդիկ, ովքեր ևս հնարավորություն կունենան համտեսելու հայկական ավանդական կերակրատեսակը:


«Այն մարդիկ, ովքեր առաջին անգամ են Հայաստանում և ծանոթ չեն տոլմա ճաշատեսակին, մի քանի օրից այն համտեսելու հնարավորություն կունենան: Պետք է մեր ազգը հնարավորին ներկայացնենք դրական կողմերով: Նման փառատոնների կազմակերպումը ցանկություն է առաջացնում ավելի խորն ուսումնասիրել տվյալ ազգին»,- ասաց նա և ավելացրեց, որ փառատոնը մեզ ազդեցություն կարող է ունենալ զբոսաշրջության զարգացման գործում:


Փառատոնի ընթացքում նաև կորոշվի, թե ո՞վ է լավագույն տոլմա պատրաստողը: