Էրեբունի պատմագիտական արգելոց-թանգարանում կստեղծվի ուրարտական խոհանոց, բայց դրա համար հովանավոր է պետք
Էրեբունի պատմագիտական արգելոց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ արգելոց-թանգարանում նպատակ ունեն ստեղծել ուրարտական խոհանոց, որպեսզի այստեղ այցելող տուրիստները ոչ միայն հնարավորություն ունենան ծանոթանալ անշարժ, այլ նաև ոչ նյութական ժառանգությանը:
«Նախագիծն արդեն պատրաստ է, որն ընթացքի մեջ է: Տեղն էլ որոշված է, խոհանոցը կլինի հնավայրի հնագիտական արժեքներից ազատ տարածքում»,-ասաց նա և նշեց, որ խնդիրը վերաբերվում է զուտ խոհանոցային ճաշատեսակների ցանկին, որով զբաղվում են մասնագետները՝ հստակեցնելու, թե ի՞նչ ճաշատեսակներ են օգտագործել հայերը ուրարտական շրջանում:
«Խմիչքների հարցը լուծված է և գիտենք, թե այդ շրջանում ի՞նչ խմիչքներ են օգտագործվել: Տարածքում հայտնաբերվել են գարեջրի, գինու արտադրություն»,-տեղեկացրեց Գագիկ Գյուջյանը, հիշեցնելով, որ այսօր էլ «Ուրարտու» անվամբ կոնյակ է արտադրվում:
Թե երբ պատրաստ կլինի ուրարտական խոհանոցը՝ արգելոց-թանգարանի տնօրենը նշեց, որ դա կախված է նրանից, թե ե՞րբ կհաջողվի իրենց հովանավոր գտնել:










