Արտաշես Գեղամյանի հիշեցումները Վարդան Մինասիչին

15:12 • 12.07.12

Հայաստան ներկրվող գազը ամենաէժանն է՝ նախկին խորհրդային հանրապետություններից և անգամ Բեառուսը՝ Ռուսաստանի Դաշնության ամենամերձավոր դաշնակիցը, գազը գնում է 230 դոլարով, այլ ոչ՝ 180:

 

Այսօր այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ պատասխանելով լրագրողներին դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը պարբերաբար հանդես է գալիս գազի գնի թանկացման մասին հայտարարություններով, մասնավորապես, որ արդեն իսկ գազը սահմանին թանկացել է (ներմուծման գինը - Tert.am):

 

«Ինչ վերաբերում է այս գործընթացներին, ապա բոլորս տրամաբանող ենք և կարող ենք ասել, թե ինչ աստիճանի, առանց աղմուկի աշխատանք կատարվեց, որ անգամ իսկ գազի սակագնի թանկացման պարագայում, մեր ազգաբնակչությունը վճարում է հին գումարներով»:

 

Արտաշես Գեղամյանը հավելեց նաև, որ «մարդիկ գտնվեցին», ովքեր մի քանի տարի առաջ համոզում էին, որ սահմանին՝ 180 դոլար արժեցող գազը պետք է վաճառվի դրա կրկնակի գնով, որպեսզի կարողանան իրենց ծախսերը հանել և գոնե մի քանի տոկոս շահույթ ունենալ:

 

Այնպես որ՝ Վարդան Մինասիչի հայտարարությունների մասին բարձրաձայնողներին և շատ ոգևորվողներին Արտաշես Գեղամյանը խորհուրդ է տալիս մտածել, թե ո՞վ է գողացել այն փողերը, որոնք տարիներ շարունակ գողացվել են:

 

Ի պատասխան հարցին, թե ո՞վ է գողացել և ինչո՞ւ, Արտաշես Գեղամանն ասաց.«Հռետորական հարց բարձրացրիք, կարծում եմ, որ Էդիկ Բաղդասարյանի «Հետքը» հետևողական հետազոտություն կանի և կպարզի, որ ոչ թե գողացել են, այլ ուր են անհետացել այն գումարները, որոնք, իրոք, հավանաբար, անհետացել են»:

 

Հարցին, թե իրեն, որպես ՀՀԿ խմբակցության անդամ իրեն ի՞նչ հակասությունների մասին է հայտնի, որոնք առկա են Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերություններում, Արտաշես Գեղամյանը հայտարարեց, թե «Ազատություն» ռադիոկայանը ստանձնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրայնացման դերը, ինչի մասնակից ինքը դառնալ չի ցանկանում:


«Ազատություն» ռադիոկայանի լրագրողին Արտաշես Գեղամյանը խորհուրդ տվեց դիմել Ռոբերտ Քոչարյանի խոսնակին, իսկ ահասարակ, Գեղամյանի խոսքով, այս լրատվամիջոցում կան վերլուծական մտքի տեր լրագրողներ, որոնք կարող են սեփական ուժերով գտնել այդ հարցի պատասխանը:

 

Մեկ հուշում, սակայն արեց Արտաշես Գեղամյանը, այն է՝ ուշադիր կարդալ «Մեդիամաքսին» տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: