Կայացավ Ամերիաբանկի «Investor's Day»-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին (տեսանյութ, լուսանկարներ)

19:18 • 27.11.26

Ներդրումներով հետաքրքրված մարդիկ կրկին մեկ հարկի տակ են՝ փորձի փոխանակման և ներդրումային մշակույթի ձևավորման նպատակով: Կայացավ Ամերիաբանկի ներդրումային թիմի կողմից կազմակերպվող  «Investor's Day» շարքի հերթական միջոցառումը՝ նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին:

«Մենք հույս ունենք, որ այսօրվա միջոցառումը հնարավորություն կտա կանոնավոր երկխոսություն սահմանել կապիտալի շուկաների երկու ներկայացուցիչների միջև և էլ ավելի ակտիվացնել այս համագործակցությունն ինչպես բիզնեսների ֆինանսավորման տեսանկյունից, այնպես էլ անհատների համար՝ ներդրումային հնարավորությունների տեսանկյունից»-ասում է Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը:

Միջոցառման ընթացքում,  ֆինանսական շուկաների ու ներդրումային հնարավորությունների վերաբերյալ ելույթ ունեցան Ամերիաբանկի և վրացական առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ «Galt & Taggart»-ի ներկայացուցիչները:

Ներկայացրելով Ամերիաբանկի փորձառությունը` ներդրումային խորհրդատվության պրոդուկտի ղեկավար Գայանե Գևորգյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսական հեռանկարներին, կապիտալի շուկայի զարգացմանը և հայկական պարտատոմսերում ներդրումային հնարավորություններին։

«Վերջին շրջանում, Հայաստանում կապիտալի շուկան զարգանում է և միշտ նորություններ են լինում՝ ասելու և ներկայացնելու։ Կարող եմ նշել, որ մենք այսօր ունենք կապիտալի շուկա, որի ծավալը գերազանցում է 4,3 տրիլիոն դրամը և կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 35%-ը։ Ավելի ուշագրավ փաստ է աճի տեմպը: Այս տարի, առաջին 10 ամսվա ընթացքում և՛ պետական պարտատոմսերով, և՛ կորպորատիվ պարտատոմսերով գործարքները աճել են ավելի քան 70%-ով, իսկ բաժնետոմսերով գործարքներն ավելի քան կրկնապատկվել են»,-նշում է Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվության պրոդուկտի ղեկավար Գայանե Գևորգյանը:

Վրաստանի ներկայացուցիչներն անդրադարձան իրենց երկրի կապիտալի շուկային և հարկային համակարգին։ Մասնավորապես՝ ներկայացվեց Վրաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, դրա հիմնական առանձնահատկություններն ու աճի հեռանկարները։

«Շնորհակալ ենք այս միջոցառումը կազմակերպելու և մեզ հրավիրելու համար։ Համոզված ենք, որ Ամերիաբանկի հետ կարող ենք բացահայտել Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների միջև համագործակցության նոր հնարավորությունները, որոնք կարող են հետաքրքիր ներդրումային հեռանկարներ ստեղծել ինչպես հայ, այնպես էլ վրացի ներդրողների համար։ Հույս ունենք, որ կկարողանանք ավելի շատ ներկայացնել Վրաստանի տնտեսությունն ու կապիտալի շուկան, որը, գուցե ավելի մեծ հետաքրքրություն ձևավորի հայ ներդրողների շրջանում և նրանք, Ամերիաբանկի միջոցով գան մեր շուկա և ներդրումներ կատարեն»-ասում է «Galt & Taggart»-ի կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին:

Միջոցառման ելույթներին հաջորդեց հարցուպատասխանի ձևաչափով քննարկումը: Վերջին մեկ տարվա ընթացքում «Investor’s Day» միջոցառումներին մասնակցել է ավելի քան 2,000 մարդ: Զուգահեռ աճել է նաև Ամերիաբանկի ներդրումային հարթակի՝ «MyInvest»-ի ակտիվությունը:

«Մեր հաճախորդները գտնում են իրենց ներդրումային կարիքները բավարարող անհրաժեշտ գործիքակազմը հենց մեր հավելվածում:  Հավելվածը հնարավորություն է տալիս, թե՛ միջազգային բաժնետոմսերով առևտուր անել,  թե՛ հայկական շուկայի, կապիտալի շուկայի գործիքներով։ Յուրօրինակ հարթակ է, որը համատեղում է թե՛ պարտատոմսերով առևտուրը, թե՛ բաժնետոմսերով առևտուրը»-ընդգծում է Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը:

«MyInvest»-ը շարունակաբար կատարելագործվում է՝ առաջարկելով նոր հնարավորություններ։ Նորամուծություններից մեկն արտասահմանյան արժեթղթերի վերաբերյալ կարևոր նորությունների հայերեն ներկայացումն է, մյուսը՝ պարբերական ներդրումների հնարավորությունը, որը նպաստում է ներդրումային կարգապահության ձևավորմանը։

Ամերիաբանկում վստահեցնում են՝ շարունակաբար ներկայացվելու են հաճախորդների համար մշակված նոր հնարավորություններն ու լուծումները՝ ընդլայնելով ներդրումային հարթակի գործիքակազմը և ոչ միայն: