Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները (տեսանյութ, լուսանկարներ)
Բարձրակարգ սպասարկում, թվային էկոհամակարգի ստեղծում և հաճախորդների բազայի ընդլայնում: Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի ռազմավարության հիմքում այս սկզբունքներն են։
«Վերջին երկու տարվա ընթացքում մեզ հաջողվել է մեր հաճախորդների բազան կրկնապատկել և այսօր՝ կիսամյակի ավարտին, հաճախորդների քանակը գերազանցել է 900 հազարը և մեր նպատակն է մինչև տարեվերջ հատել հաճախորդների քանակի մեկ միլիոն շեմը»,-ասում է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Հաճախորդների բազայի ընդլայնմանը զուգահեռ`առաջանցիկ տեմպով աճել է նաև հաճախորդների թվային ակտիվությունը, մասնավորապես՝ վերջին 5 տարում, թվային տիրույթում ամսական ակտիվ օգտատերերի աճի միջին տեմպը կազմել է 55,81%:
Ասուլիսի ընթացքում Արման Բարսեղյանն անդրադարձավ նաև MyAmeria հավելվածի նոր հնարավորություններին:

Նրա խոսքով` MyAmeria հավելվածը գերհավելված դառնալու ճանապարհին է, քանի որ մեկ տեղում հասանելի են նաև MyHome, MyCar, MyInvest, MyBusiness, MyEventhub հարթակները:
«Հաճախորդների տեսանկյունից դա ցանկալի և արդյունավետ լուծում է, որովհետև եթե մեկ հարթակում բոլոր հիմնական կարիքները բավարարող հավելվածներն առկա են և նաև ֆինանսավորման համար անհրաժեշտ գործիքակազմը կա, այսինքն՝ նաև ներդրված է ֆինանսական բաղադրիչը, ապա շատ ավելի հեշտ է դառնում կառավարել կյանքի որակը և մարդիկ շատ ավելի արդյունավետ կերպով կարող են իրենց կարիքները բավարարել»,-նշում է Արման Բարսեղյանը։

Վիճակագրությունը փաստում է` 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ՝ Ամերիաբանկի ավանդների պորտֆելն աճել է։
«Մանրածախ հաճախորդներից ներգրավված ընդհանուր միջոցների գումարն առաջին անգամ գերազանցել է մեկ տրիլիոն դրամը։ Ընդ որում, հատկանշական է, որ ավելի արագ տեմպով աճում են ցպահանջ ավանդները և դրամային ավանդները»,-մանրամասնում է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրենը։

Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը ևս տարեսկզբից տպավորիչ աճ է գրանցել` հունիսի 30-ի դրությամբ գերազանցել 800 մլրդ դրամը:
Նշենք, որ հունիսի 30-ի դրությամբ Ամերիաբանկի պարտատոմսերի պորտֆելը կազմել է 160 մլրդ դրամ։ Այս տարի Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր կողմից առաջին անգամ թողարկված 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսերը՝ ամրապնդելով Բանկի կապիտալի դիրքը և ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան։














