Ալիևն ընդունել է Իրանում կայանալիք համաժողովի մասնակցության հրավերը, որին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքվում այցով գտնվող` Իրանի կրթության նախարար Համիդռզա Հաջիբաբաիին:
Իրանցի նախարարն Ալիևին է փոխանցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրավերը` մասնակցելու «Չմիավորման երկրների» գագաթաժողովին: Այս մասին «Ռեգնում» գործակալությանը հայտնի է դարձել Ադրբեջանում Իրանի դեսպանատնից: Սակայն հետաքրքրական է, որ Ալիևի ու իրանցի նախարարի հանդիպման մասին տեղեկություն չեն հաղորդում ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները:
Նշենք, որ օգոստոսի վերջին կայանալիք գագաթաժողովին մասնակցության հրավերն օրերս ընդունել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որին այդ հրավերը փոխանցել էր Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարին: Այս դեպքում ևս ՀՀ նախագահի` Թեհրան մեկնելու մասին հայտնի էր դարձել իրանական աղբյուրներից:









