Ադրբեջանի պատվիրակությունը Մոնակոյում էժանագին շուլերությամբ էր զբաղված. Ա. Գեղամյան

12:48 • 12.07.12

Հուլիսի 5-9-ը Մոնակոյում անցկացված ԵԱՀԿ Խորհրդարանական խորհրդաժողովի լիագումար նիստին հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի բարձրացրած հարցադրումներին Ադրբեջանի պատվիրակությունն արձագանքել «էժանագին շուլերությամբ», այս մասին այսօր Արտաշես Գեղամյանը և պատվիրակության մյուս անդամներից հանրապետական Արտակ Դավթյանն հայտարարեցին համատեղ ասուլիսին:

 

Մասնավորապես, երբ Արտաշես Գեղամյանը բարձրացրել է նստաշրջանից երկու օր առաջ զոհված հայ զինծառայող Լևոն Թամրազյանի` ադրբեջանցի դիպուկահարի կողմից սպանվելու փաստը, ադրբեջանցիները որևէ հիմնավոր առարկություն չեն կարողացել ներկայացնել և միայն ասել են, թե «ի՞նչ գործ ուներ հայ զինծառայողը Ադրբեջանի տարածքում»:

 

«Սա էժանագին շուլերություն է, ոչ ավելին»,- ասաց Արտաշես Գեղամյանը և հավելեց, որ սրան հաջորդած պլենար նիստի ընդհանուր քննարկումների ժամանակ ինքը հարց է ուղղել ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Լամբերտո Ջանիերին այն բովանադակությամբ, որ եթե միջազգային հանրությունը , համաշխարհային ուժային կենտրոնները երկակի ստանդարտներ չկիրառեին ադրբեջանական կողմից հնչող այն հայտարարությունների կապակցությամբ, որ «հայերը ֆաշիստներ են» և թշնամիներ, ինչը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ է հայտարարել «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստին, ապա նրա միջազգային կապերի վարչության պետ Էլնուր Ասլանովը չէր հերոսացնի մարդասպան Ռամիլ Սաֆարովին:

 

Նաև ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծել է , որ հայաստանյան կողմը, ի տարբերություն Ադրբեջանի, հետևողական է լ՝Աքվիլայում, Մուսկոկում, Դովիլում և Լոս Կաբոսում համանախագահ երկրների հայտարարություններում շարադրված սկզբունքների հարցում:

 

ԼՂՀ հակամարտության կարգավորման անհրաժեշտության հարցը, ըստ պատվիրակության ղեկավարի, չեզոք ձևակերպումներով հիշատակվել է ԵԱՀԿ ԽՎ փաստաթղթերում և հայկական կողմից Արտաշես Գեղամյանը իր «կոշտ, բայց համոզիչ ելույթում» նշել է, որ միջազգային իրավունքի հայտնի նորմերը` ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության հետ միասին գոյություն ունի նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը հայկական պատվիրակի խոսքով` պետք է հավասարապես կիրառվի: