ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմը ենթադրում է, որ այն աշխատելու է գերծանրաբեռնված. Արծվիկ Մինասյան

13:05 • 12.07.12

«Հայ հեղափոխական դաշնակցության» խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը՝ հաշվի առնելով հիշյալ հանձնաժողովի կազմը, այն է երեք ընդդիմադիր և նույնքան էլ ոչ ընդդիմադիր պատգամավորներ, ենթադրում է, որ այն աշխատելու է գերծանրաբեռնված:


Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Արծվիկ Մինասյանը նկատեց.«Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ հանձնաժողովն աշխատելու է հագեցած աշխատանքային օրակարգով՝ փորձելով բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալ և կարող է առիթ հանդիսանալ նաև բիզնեսի և քաղաքականության տարանջատմանը»:


ՀՅԴ պատգամավորը ներկայացրեց հանձնաժողովի կազմը՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից՝ Դավիթ Հարությունյան, ով նաև հանձնաժողովի նախագահն է, «Հայ ազգային կոնգրես»-ից՝ Նիրկոլ Փաշինայն, «Օրինաց երկիր»-ից՝ Հովհաննես Մարգարյան, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ Մերուժան Սիմոնյան, «Ժառանգություն»-ից՝ Զարուհի Փոստանջյան, և ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյան:

 

Մինասյանը նկատում է, որ ցանկացած ոք կարող է դիմել հանձնաժողովին, անկախ քաղաքացիությունից: Ըստ նրա՝ կարևոր առանձնահատկությունն այն է, որ հանձնաժողովն իրավունք ունի ցանկացած պահի դիմել պետական և կառավարական մարմիններին և ստանալ տեղեկատվություն:


Թերություններից է, ըստ նրա, այն, որ նույն տեղեկությունը ստանալու համար իրենք չեն կարող բավարարվել միայն պետական մարմինների տրամադրած ինֆորմացիայով:«Այս դեպքում ոչ պետական կամ մասնավոր տեղեկություն ստանալը դժվարացնելու է հանձնաժողովի աշխատանքը»,- նկատեց նա:


ՀՅԴ պատգամավորը նշեց, որ հանձնաժողովին կարող են դիմել նաև ԱԺ պատգամավորները, տեղեկանալու, թե՝ «իր այս կամ այն վարքագիծը շահերի բախում կարո՞ղ է առաջացնել, թե՝ ոչ»:


Մինասյանը հստակեցրեց, որ հանձնաժողովը, չնայած ընդդիմադիրների ջանքերին, իրավական լուրջ որոշում կայացնելու իրավունք չունի: Այն ընդամենը որոշում է, թե այս կամ այն պատագամավորը խախտե՞լ է էթիկայի նորմերը, որի մասին, պարզապես, հրապարակվում է։, թե՞ ոչ։
 

«Լավագույն դեպքում, եթե բիզնեսի մասով կա հստակ իրավական հետևություն, թե կոնկրետ անձը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, եզրակացություն է կազմվում: Նրան սպառնում է այն, որ հետազոտութուններից հետո որոշման նախագիծը դրվում է քվեակության, եթե ընդունվեց՝ պատգամավորի լիզորությունները համարվում են դադարեցված»,-ասաց նա:


ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինայի դժգոհությանը, իրեն հանձնաժողովի փոխնախագահ նշանակելու հարցում իրականացված խախտումներին, նշելով, որ թեև Փաշինյանը իրավացի է, սակայն ըստ նրա, կարիք չկա նման աղմուկ բարձրացնելու:


Ըստ Մինասյանի, հանձնաժողովի փոխնախագահի գործն է՝ նախագահի բացակայության դեպքում ղեկավարել հանձնաժողովը: Հաշվի առնելով այն, որ Դավիթ Հարությունյանը խիստ ծանրաբեռնված է, ուստի հնարավոր է նա հաճախ բացակայի. «Եթե Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չօգտվի, ապա հանձնաժողովն իրավունք ունի իր կազմից ընտրել փոխարինողի»: