Հարցվածների 30%–ն ասել է, որ իր ձայնը կտա Բակո Սահակյանին. Ահարոն Ադիբեկյան

12:19 • 12.07.12

 Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացրել և պարզել, որ բնակչության 36%-ը գիտի, թե ո՞ւմ է իր ձայնը տալու հուլիսի 19-ին սպասվող նախագահական ընտրություններում:


«ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը 30% ձայն, Վիտալի Բալասանյանը՝ 3.5%, (Արկադի) Սողոմոնյանը՝ 1.5%: պարտադիր ընտրությունների գնացող բնակչության 84.3% կազմող հատվածի 27.5%-ը չի որոշել, թե ո՞ւմ է ընտրելու, իսկ 28.5%-ը չի պատասխանել: Ակնհաjտ է, որ նրանց մի մասը չի գնա ընտրությունների»,- ասաց Ադիբեկյանը:

 

Ըստ սոցիոլոգի, ԼՂՀ բնակչության 84.3%-ը ակտիվ ընտրողներ են, և բնակչության ընդամենը 5%-ը չի մասնակցի ընտրություններին: 



Նշենք, որ հարցումը անցկացվել է «Ազատ հայրենիք» կուսակցության պատվերով մայիսի 26-27-ին՝ Ստեփանակերտի 6 շրջկենտրոնների 14 գյուղերի 37 դիտակետերում՝ 946 չափահասների շրջանում:



Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը բացառեց ընտրական շրջանում ընտրակաշառքների բաժանումը. «Եթե Բակո Սահակյանը ձայների մեծամասնություն ունի ինչո՞ւ պետք է փող բաժանի, իսկ Վիտալի Բալասանն էլ հաստատ փողերը չէր հավաքի պահեր, որ էսօր բաժաներ: Վիտալի Բալասանյանի առաջադրվելու մասին գիտեն 3 համայքներում, Ստեփանակերտում դրա մասին ոչ ոք տեղյակ չէ: Նախ, նա պետք է տեղեկացնի, որ ինքը առաջադրվել է»,-ասաց նա:


Բանախոսն ընդգծեց՝ եթե Բակո Սահակյանն ընտրվի, ոչ մեկի մոտ կասկած չի առաջանա, որ կաշառել է ժողովրդին, ադմինիստրատիվ միջոցներն է օգտագործել, կեղծիքներ է արել:


«Բացառվում է, որ ղարաբաղցին ընտրակաշառք վերցնի: Նախ այդ երկրում գումար չկա, որ բաժանեն, հետո էլ որ լինի՝ չեն տա: Բակո Սահակյանը միանձնյա որոշում չի ընդունում, միայն կոլեկտիվ որոշումներ են: Սա հենց այս երկրի առանձնահատկությունն է, որով տարբերվում է Հայաստանից»,- ասաց նա: