ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել շփման գծում միջադեպերի կապակցությամբ

17:50 • 12.07.12

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և նրա գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


Ողջունելով պարոն Զանիերի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:


ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ արդյունավետ համագործակցությունը տարբեր ձևաչափերով և կարևորել ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:


Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում կայացած խորհրդարանական և առաջիկա նախագահական ընտրություններին:


ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դրական է գնահատել խորհրդարանական ընտրությունները` նշելով, որ դրանք արժանացել են միջազգային դիտորդների դրական գնահատականին և առաջարկել ԵԱՀԿ խորհրդատվական օժանդակությունն առաջիկա նախագահական ընտրություններում:


Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ իշխանություններին կհաջողվի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնել և նշել, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ գործուն համագործակցություն, ինչպես նաև նրանց օժանդակությունը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունները և գործընթացներն առավել ամրապնդելու գործում:


Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների արդյունքում և իր աջակցությունը հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

 

Նա խիստ մտահոգություն է հայտնել շփման գծում միջադեպերի կապակցությամբ և անհրաժեշտ համարեց դիպուկահարների հետ քաշումը շփման գծից` անթույլատրելի համարելով ուժի կիրառումը և խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները:

 

ԱԺ նախագահը շեշտել, որ Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ: Նրա խոսքով` մեր երկիրը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով և կարևորում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

 

Կողմերը հակամարտությունների կարգավորման խնդրում կարևոր դեր են վերապահել խորհրդարանական դիվանագիտությանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև այլ հարցեր: