15 մլն դոլար՝ ԵԽ-Հայաստան 2012-2014թթ. գործողությունների ծրագրին
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի
Հայաստանը` Եվրոպայի խորհրդին իր 11 տարվա անդամակցության ժամանակահատվածում միացել է ԵԽ վեց համաձայնագրերիև ակտիվ աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ, այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում գտնվող ԵԽ Գլխավոր քարտուղարի նորընտիր տեղակալ, ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնին՝ Եվրոպայի խորհուրդ-Հայաստան 2012-2014թթ. գործողությունների ծրագրին նվիրված կոնֆերանսում:
Նա նշեց, որ Հայաստանում այս տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենդրական բարեփոխումներ՝ թե՛ մարդու իրավունքների պաշտպանության առումով, թե՛ ընտրական օրենսգրքում և ՀՀ սահմանադրության մեջ:
«Իհարկե, շատ աշխատանքներ են տարվել, բայց ավելի կարողն է արվել, և պետք է արվի առավելապես առաջ մղելու եվրոպական արժեքները: Գործողությունների ծրագիրը մշակվել է խորհրդակցելով ՀՀ կառավարության հետ և հաշվի առնելով ներքին հարցերը: Այն հիմնված է միջկառավարական աշխատանքների վրա»,- ասաց նա:
Տիկին Գաբրիելա Բատաինի-Դրագոնին նշեց, որ կարևոր է Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը, ինչն իր հերթին կհանգեցնի ներպետական փոփոխությունների:
«Կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարը, քրեակատարողական համակարգի բարեփոխումները և տեղական ինքնակառավարման ողջ համակարգի բարեփոխումերը: Մեր տեսակետից ամենակարևորն այն է, որ երաշխավորվի արդարադատության հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար: Մեր 47 անդամ պետություններից շատերում դեռևս կան անելիքներ, հատկապես, արդարադատության հասանելիության հարցում: Այս պարագայում պետք է հաշվի առնել հասարակության այն խոցելի խմբերը, որոնք չեն կարողանում արդարադատության համակարգից օգտվել՝ տեղեկացված չլինելու, կամ համապատասխան գիտելիքներ չունենալու պատճառով»,- ասաց նա և հիշեցրեց, որ բնակչության այդ խումբը ևս հասարակության կարևոր մասն են կազմում:
ԵԽ գլխավոր քարտուղարի նորընտիր տեղակալը տեղեկացրեց, որ.«Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 15 մլն ԱՄՆ դոլար, որի 1/3 մասն արդեն ապահովված է, իսկ ևս 1/3-ը պետք է գտնենք այսօր՝ կոնֆերանսի շրջանակներում»:
Նա նշեց, որ անհրաժեշտ գումարը ամբողջությամբ կլրացվի մյուս տարի, կարևորեց նաև այն, որ Հայաստանը 2013թ-ին ստանձնելու է ԵԽ-ի նախագահությունը և հաջողություն մաղթեց այդ գործում:
Կոնֆերանսին ներկա էր նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նշեց, որ Եվրոպային մերձենալու մեր քայլերը գնալով ավելի ինտենսիվ բնույթ են կրում և մեր պետությունը, անցնելով 20-ամյա ճանապարհ, դարձել է մի երկիր, որտեղ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները դարձել են մեր իշխանությունների քաղաքականության անբաժանելի մասը:
«Այս առումով, մենք բարձր ենք գնահատում ու կարևորում ենք ԵԽ-ի շրջանակներում ԵԱՀԿ-ի հետ փոխհամագործակցությունը և ԵՄ-ի հետ համագործակցությունը: Մենք վճռական ենք՝ իրականացնելու բարեփոխումներ ի նպաստ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, սոցիալական խնդիրներին լուծմանը»,- ասաց նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը անդրադարձավ նաև 2013-ին Հայաստանի ԵԽ-ի նախագահությունն առաջին անգամ ստանձնելու փաստին և նշեց, որ այն և՛ շատ պատասխանատու է, և՛ շատ կարևոր:









