«Քինգ դելյուքսի» վարորդներին 4 օրվա դիզվառելիք է տրամադրվել, որ դուրս գան աշխատանքի
Չնայած դեռ երեկ հնչած հայտարարություններին, թե գործադուլն այսօր ևս կշարունակվի, Կոտայքի մարզում գործող «Քինգ դելյուքս» ընկերության վարորդներն այսօր դուրս են գալու աշխատանքի, այս մասին Tert.am –ին տեղեկացրեց ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը։
«Էսօր մենք արդեն իրենց չորս օրվա սոլյարկա ենք տրամադրել, որ հելնեն աշխատանքի, մինչև որ փորձեմ հարցերն ինչ-որ կերպ կարգավորել»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Կոտայքի մարզում գործադուլ էին սկսել «Քինգ դելյուքս» ընկերության մոտ հարյուր վարորդներ՝ դադարեցնելով մի շարք՝ Երևան-Աբովյան, Չարենցավան-Երևան երթուղիներով, ինչպես նաև, Չարենցավանից դեպի շրջակա մարզեր և Աբովյանի ներքաղաքային երթուղիներով երթևեկը: Այսկերպ վարորդներն իրենց բողոքն են արտահայտում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ՝ անվճար բարեգործական ավտոբուսներ տրամադրելու և դրանով իրենց «գործին խփելու» հարցում:
Ինչից հետո ԲՀԿ-ից հայտարարեցին, որ Երևան-Աբովյան անվճար երթուղին չի դադարեցվի, իսկ ավելի ուշ տեղեկացվեց, որ տրանսպորտային մի շարք կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել առավել լավ պայմաններով աշխատանքի ընդունել «Քինգ դե լյուքսի» վարորդներին, ովքեր, ինչպես պնդում են՝ բարեգործական երթուղիների պատճառով, օրական 1000 դրամ էլ չեն կարողանում վաստակել:
Ի պատասխան վերոնշյալ առաջարկության, Արթուր Դալլաքյանն ասաց.«Յանի էդ ի՞նչ են ասել: Եթե հայտարարել են, թող ընդունեն, եթե ընդունվող կա էնտեղ: Էդ ուղղակի ինչ-որ ֆիկտիվ երևույթ ա: Եթե իրանց մոտից են վարորդներ գնացել, նույն էդ երթուղիներով աշխատող ընկերություններից, ո՞նց կարող են նման բան հայտարարել: Էդ թվարկած ՍՊԸ-ից՝ «Տիգրան» ՍՊԸ, «Գալակտիկա» ՍՊԸ և այլն, նույն էդ տեղից ես վարորդ ունեմ, որ ինձ մոտ տաքսիստ է աշխատում»:
Ինչ վերաբերում է այսօր հայտարարված գործադուլը դադարեցնելուն, ապա ընկերության տնօրենն ասաց.«Դե, էն կարգի է, որ չի կարելի թույլ տալ, որ էդքան երկար շարունակվի, չի կարելի պետական երթուղին էդքան երկար կանգնեցնել: Ես միշտ էդ կարծիքին եմ եղել»:









