ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալին

16:52 • 12.07.12

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի նորընտիր տեղակալ, ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին, այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից:

 

Նախարար Նալբանդյանը շնորհավորել է տիկին Բատաինի-Դրագոնին ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի ԵԽ քարտուղարության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և կազմակերպության բարեփոխումների սահուն ընթացքին:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ: Այդ առումով ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում, և Եվրոպայի Խորհուրդը շարունակելու է Հայաստանին իր բազմակողմանի աջակցությունն այդ գործընթացում:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Գաբրիելա Բատաինի-Դրագոնին անդրադարձել են հաջորդ տարի Եվրախորհրդում Հայաստանի նախագահությանն առնչվող մի շարք հարցերի:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան–Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների գերակայությունները: