Արցախի համար նախագահական ընտրությունները դարձել են առօրյա քաղաքական գործընթացի շարունակական երևույթ. քաղաքագետ

12:42 • 12.07.12

Արցախի համար նախագահական ընտրությունները դարձել են առօրյա քաղաքական գործընթացի շարունակական նորմալ երևույթ: Այսօր կայացած ասուլիսին նման բնորոշում տվեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Նա նշեց, որ այն խոսակցությունները, որ Ղարաբաղում չկա ընդդիմություն, իրականությանը չեն համապատասխանում, և ընտրությունները հնարավորություն կտան նման կարծիք հայտնողներին գտնել իրենց տեղը:


«Ղարաբաղի հասարակության մեջ կա համախմբվածություն: Մեզ համար կարևոր է ընտրությունների երևույթը այս երկրում, և ոչ թե այն, թե ով կընտրվի, այլ երևույթը ընդհանրապես»,- ասաց նա:


Քաղաքագետ Հարություն Մեսրոպյանը ԼՂՀ ընտրությունների կարևորեց այն, որ չճանաչված պետության մեջ դրանք անցկացվում են արդեն որերորդ անգամ: Նա նշեց, որ Արցախի ընտրությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի մի պետություն, որն անկախ նրանից, մյուս պետությունները ընդունում են, թե՝ ոչ, այն գործում է:


«Երբ այս ֆոնի վրա տեղի են ունենում ընտրություններ, բոլորը հասկանում են, որ սա հայկական գործոնի հետևանք է, և ուզեն, թե չուզեն, պետք է հաշվի նստեն: Ադրբեջանը միշտ այս շրջանում լարվածության մեջ է հայտնվում: Երբ ամբողջ աշխարհում Արցախի ընտրությունների մասին խոսում են, Ադրբեջանը հոգեբանական ճնշվածության մեջ է հայտնվում»,-ասաց նա և ավելացրեց, որ ընտրությունների որակը դա միայն մեր խնդիրն է:


Քաղաքագետ Մարգարովը ևս ընդգծեց, որ մրցակցային պայքարը Արցախում ի վերջո բոլորին միայն բերում է համախմբվածության: Անդրադառնալով ԼՂ կարգավորման հարցին, նա նշեց, որ կարծիքներ կան, որ գործընթացը մտել է փակուղի: Սակայն նա վստահ է, որ այս հարցում շարժ է նկատվում:


«Երեկ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ եթե կա բանակցային գործընթաց, ուրեմն գալիս է մի պահ, որ երրորդ կողմի՝ Արցախի ներգրավումը որոշ հարցերում անհրաժեշտ է: Դրա մասին չէր խոսվել շատ վաղուց: Սա նշանակում է, որ թեև քիչ, բայց տեղաշարժ կա»,- ասաց Մարգարովը և ավելացրեց, որ այլ հարց է, որ Ադրբեջանը պատրաստ չէ հարցը խաղաղ ճանապարհով լուծելուն: