Դիպուկահարներին ետ քաշելու մասին ԵԱՀԿ-ի առաջարկները նորույթ չէ. քաղաքագետ
Դիպուկահարներին սահմանագծից ետ քաշելու՝ ԵԱՀԿ-ի առաջարկները նոր երևույթ չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը և հիշեցրեց, որ նման հայտարարությունները երբեք որևէ կերպ չեն ազդել Ադրբեջանի վրա:
«Նրանք հայտարարում են, թե իրենք կքննարկեն այդ առաջարկը, երբ որ հայերը դուրս կբերեն իրենց դիպուկահարներին «օկուպացված տարածքներից»: Սա հին քաղաքականություն է, որևէ նոր բան չկա»,– ասաց նա։
«Սահմանային միջադեպերը պայմանավորվածությունների խախտում է և չի կարելի այս հարցում նախապայմաններ առաջ քաշել»,- ընդգծեց քաղաքագետը և ավելացրեց, որ ինքը հույս չունի, որ առաջարկն իրականություն կդառնա:
Քաղաքագետը նշեց, որ պետք է պատրաստ լինել նրան, որ դիվերսիոն գործողությունները կշարունակվեն և որ դրանց առկայության դեպքում պետք է արժանի հակահարված տալ:
«Ես անգամ կողմնակից եմ նրան, որ այդ հակահարվածը պետք է լինի այնպիսին, որ Ադրբեջանը երկրորդ անգամ չկարողանա նման գործողություններ կազմակերպել Հայաստանի կամ ԼՂՀ սահմանին»,- ասաց Նարեկ Գալստյանը:
Քաղաքագետը նշեց, որ հարցը չի լուծվի միայն առաջարկություններով և Ադրբեջանի քաղաքականության վրա իրական ճնշումներ պետք է կիրառել:
«Մեր տարածաշրջանը Արևմուտքին հետաքրքիր է ռազմական տեսանկյունից, բայց այստեղ մեծ դեր են խաղում նաև էներգետիկ շահերը: Այս տարածքում կարելի է ասել, որ մոտ տասը խաղացող կա և ամեն մեկը փորձում է իր շահն առաջ տանել»,- նկատեց նա:
Անդրադառնալով Արցախում ԵԱՀԿ-ի այն հայտարարությանը, թե Արցախի ներգրավումը բանակցային գործընթացին կարևոր է որոշակի հարցերի լուծման համար, Նարեկ Գալստյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում միշտ խոսվել է այս մասին:
«Արցախի ներգրավումը բանակցային գործընթացին դրականորեն կազդի նույն գործընթացի վրա և հնարավոր է մոտեցնի այն իր վերջնաարդյունքին: Եթե Մինսկի խումբը նման առաջարկ անի երկու երկրներին, բնականաբար, Ադրբեջանը չի համաձայնի և Ադրբեջանի համաձայնությունը ստանալու համար մեծ ջանքեր կպահանջեն»,- եզրափակեց քաղաքագետը:









