Իրանը բարձրացնում է իր հրթիռային սպառազինության ճշտությունը և արդյունավետությունը. Պենտագոնի զեկույց

02:41 • 12.07.12

Իրանը կատարելագործում է իր հրթիռային սպառազինությունը բարձրացնելով հրթիռների` խոցման ճշգրտությունը և արդյունավետությունը: Նման եզրակացություն է ներառված Պենտագոնի զեկույցում, որը նվիրված է Իրանի հրթիռային ծրագրին և նախորդ շաբաթ, գաղտնի և ոչ գաղտնի տարբերակներով, ներկայացվել է ԱՄՆ կոնգրեսի քննարկմանը: Այդ փաստաթղթի ոչ գաղտնի տարբերակից մեջբերումներ է ներկայացրել «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Հետազոտության մեջ ասվում է. «Իրանը կատարելագործել է իր սպառազինության տակ առկա համակարգերի խոցող կարողությունները և արդյունավետությունը դրանց ճշտության բարձրացման և նոր մարտական տարրերի ներդրման միջոցով»:


Հունիսի 29-ով թվագրված զեկույցում ներառված է նաև ԱՄՆ պաշտպանական գերատեսչության նախորդ զեկույցից հատված, որտեղ նշվում է, թե. «բավարար օտարերկրյա աջակցության շնորհիվ Իրանը տեխնիկապես կկարողանա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի թռիչքային փորձարկումներ իրականացնել արդեն 2015թ.-ին»:

 

Զեկույցի հեղինակները, հղում անելով իրանական իշխանությունների ներկայացրած տեղեկություններին, հայտարարում են, որ Թեհրանը նախագծում և սպառազինության է առնում նավերի խոցման փոքր շառավղի բալիստիկ հրթիռներ, որոնք թիրախները տարբերակող և օդում խուսանավումներ ապահովող համակարգերով են համալրված: Բացառված չէ, որ նման տեխնոլոգիայով իրանական բանակը կկարողանա խոցել ոչ միայն ջրային այլև ցամաքային թիրախներ, նշում է Պենտագոնը:


Բացի այդ, ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտն ընդունում է, որ Իրանի ռազմական մեքենան իրենից միանգամայն աղդեցիկ ուժ կներկայացնի` հատկապես սեփական տարածքի պաշտպանության պարագայում: