Հայաստանում բնական ռեսուրսները գերշահագործվում են. բնապահպանության փոխնախարար

15:46 • 12.07.12

Հուլիսի 2-ից 4-ը Երևանում անցկացվել է Կլիմայի փոփոխության մասին տարածաշրջանային աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման շրջանակներում վերջին զարգացումները:
 

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը այսօր հրավիրված ասուլիսում խոսելով աշխատաժողովից՝ նկատեց, թե այն նշանավոր էր նրանով, որ Երևանում առաջին անգամ էր նման լայնամասշտաբ միջոցառում անցկացվում, որին մասնակցում էին 33 պետությունների և 11 միջազգային կազմակերպությունների 73 ներկայացուցիչներ:


Սիմոն Պապյանն աշխատաժողովը կարևորեց երեք տեսանկյունից.«Առաջինը կարևոր է նրանով, որ հետագայում համագործակցելու համար նախադրյալներ ստեղծվեցին, որ մենք կարողացանք այդ բնագավառում մեր համեստ գործը ցույց տալ, ինչպես նաև կար մշակութային մաս, որի ընթացքում կարողացանք ներկաներին ծանոթացնել մեր պատմամշակութային ժառանգությանը»,- ասաց նա: 

 

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը խոսեց աշխատաժողովի բուն նպատակի մասին, նշելով, որ դրանք ֆինանսատնտեսական բնույթի խնդիրներ էին, որպեսզի արտանետված ջերմոցային գազերը անդառնալի ազդեցություն չունենան կլիմայի փոփոխության վրա:


Նա նշեց, որ 20 տարի շարունակ զարգացած երկրների հետ նման քննարկումների կազմակերպման հաջողությունն այն է, որ բացի 39 զարգացած երկրներից, ջերմոցային գազերի օգտագործումը կրճատելու հարցում միասնական ջանքներ գործադրեն նաև 150 զարգացող երկրները:


Հայաստանի դեպքում, ըստ Արամ Գաբրիելյանի, նշյալ «համեստ գործը» Լուսակերտի կենսագազի գործարանում (ԼԿԳ)` թռչնաղբի մշակումից ստացվող մեթանի որսումն ու այրումն է և Ավան թաղամասում կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքները: «Երկուսն էլ ջերմոցային գազերի կրճատման ասպարեզում կարևոր աշխատանք են անում, նաև ցուցադրելով մեր ջանքերն այս ուղղությամբ»,-ասաց նա:


Բոլոր դեպքում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը խոստովանում է. «Հայաստանում բնական ռեսուրները գերշահագործվում են, եթե չկարգավորենք՝ կունենանք լուրջ խնդիրներ»: Նրա խոսքով՝ պատճառները տարբեր են, սկսած օրենսդրական, ինստիտուցիոնալ, նաև սուբյեկտիվ և օբյեկտիվ:

 

Արամ Գաբրիելյանը հստակեցնում է, որ Հայաստանում ջերմոցային գազերի առաջացման հիմնական պատճառը էներգետիկայի, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներն են:

 

Այսօր Հայաստանը, ըստ սահմանված պարտականությունների, դեռևս ընդգրկված չէ ջերմոցային գազերի օգտագործումը կրճատելու ցանկում։


«Բնակչության հաշվով, առայժմ դեռ չունենք պարտավորություն՝ նույն կոնվենցիայով սահմանված»,- ասաց նա և նշեց, որ եթե Հայաստանում 1990-ականներին արտանետվող ջերմոցային գազերի ծավալը չափազանց բարձր էր՝ 24 մլն տոննա, ապա այսօր այն կազմում է 6- 6,5 տոննա:


Իսկ թե ի՞նչ է սպասվում բարձր արտանետումների դեպքում, մասնագետը նշեց՝ ջերմաստիճանի բարձրացում, իր հասկանալի հետևանքներով՝ անապատեցում, ծովի մակարդակի բարձրացում և այլն: