Երևանի կենտրոնում հաստաբուն հացենին շրջվել է երկու «ԲՄՎ»-ների վրա (լուսանկարներ)

21:17 • 12.07.12

Այսօր՝ հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18.30-ի սահմաններում Սայաթ Նովա 35 հասցեում մոտ 50 տարեկան հացենիի կեսը արմատից պոկվել և շրջվել է: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար այդ պահին բակի այդ հատվածում մարդիկ չեն եղել:


Ծառի հսկայական ճյուղերից մի քանիսը ընկնելով վնասել են բակում կայանված «ԲՄՎ» մակնիշի 2 ավտոմեքենա: Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված շենքը 6 հարկանի է և այդ հատվածը երեխաների համար գործում է որպես խաղահրապարակ:

Ֆոտոլրագրողը զրուցել է «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի հետ, ով հանձնարական է տվել կանաչապատման պատասխանատուներին, որպեսզի շտապ ժամանեն դեպքի վայր և նշված վայրից հեռացնեն ընկած ծառը:

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Հարություն Պետրոսյանի գլխավորությամբ:


Արդեն դեպքի վայր են ժամանել «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ ընկերության աշխատակիցները՝ ընկերության տնօրեն Արտակ Մարուքյանի գլխավորությամբ, ու արդեն նրանց ու փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով էլեկտրական սղոցների գործադրմամբ կտրվել են ինչպես ընկած ծառի ճյուղերի մեծ մասը, այնպես էլ նշված բակում եղած մի քանի այլ նմանատիպ ծառերի մի քանի ճյուղեր, որոնք իրենցից լուրջ վտանգ էին ներկայացնում, և չէր բացառվում, որ դրանց ընկնելու հետևանքով հետագայում լուրջ խնդիրներ առաջանային:



 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի