Եմենցին 5 մարդ է սպանել թուրքական սերիալը դիտելուց հետո
Եմենցի Մուհամեդ ալ Ալի ալ Ազաբը ցմահ ազատազրկման է դատապարտվել 5 մարդու` այդ թվում իր կնոջը սպանելու համար, ինչը տեղի է ունեցել թուրքական արտադրության հեռուստասերիալ դիտելուց հետո, գրում է «Ալ արաբիա»-ն:
31-ամյա ալ Ազաբն անկեղծորեն պատմել է դատավորներին, որ նման բան է արել` «Գայլերի հովիտը» թուրքական սերիալով ոգևորված:
Նույն «Գայլերի հովիտը» մեկ ամիս առաջ դարձել է մի զույգի ամուսանալուծության պատճառ ալ Հյուդայդահ քաղաքում: Բանն այն է, որ գլխավոր հերոսի արտաքինով հմայված` 20-ամյա կինը հայտնել է ամուսնուն, որ այլև չի պատրաստվում ապրել նրա հետ, քանի որ վերջինս սերիալի հերոսի պես ջինսե տաբատ չի կրում և էլեգանտ չէ:
Ընդհանուր առմամբ վերջին շրջանում թուրքական սերիալները բազմաթիվ նմանտիպ դեպքերի պատճառ են դարձել Եմենում: Մեծացել է նաև ամուսնալուծությունների թիվը, հատկապես Noor սերիալի ցուցադրությունից:
Որոշ սոցիոլոգներ գտնում են, որ թուրքական սերիալները նման «խառնաշփոթ» են ստեղծում արաբական երկրներում, քանի որ դրանք հիմնակնում նկարահանված են ըստ արևմտյան բարքերի, որոնք չեն համապատասխանում իսլամին:









