Դավիթ Շահնազարյանը ոչ թե ՀԱԿ-ից է դուրս եկել, այլ ՀԱԿ-ի Կենտրոնական գրասենյակից. Լևոն Զուրաբյան
«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպաման ընթացքում հստակեցրեց, որ Դավիթ Շահնազարյանը ոչ թե դուրս է եկել «Հայ ազգային կոնգրես»-ից, այլ, ընդամենը՝ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից:
«Ինքը չի ասել, թե Կոնգրեսից եմ դուրս եկել, այլ ասել է՝ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, դրանք տարբեր բաներ են: Կենտրոնական գրասենյակը՝ շտաբ է, որի անդամն էր նաև Դավիթ Շահնազարյանը: Նա շտաբից է դուրս եկել, հրաժարվել է շտաբի անդամի կարգավիճակից»,- հստակեցրեց Զուրաբյանը:
ԶԼՄ ներկայացուցիչների համար իր ասելիքն առավել պարզ դարձնելու համար, Զուրաբյանը շարունակեց մեկնաբանել, թե ցանկացած մարդ կարող է Կոնգրեսի անդամ լինել կամ Կոնգրեսին անդամակցել՝ որևէ կուսակցության միջոցով, կամ ուղղակի անդամագրվելով, եթե, իհարկե, այդ անձը որևէ կուսակցության անդամ չէ:
«Նման խնդիր առաջացել էր Ալիկ Արզումանյանի դեպքում: Արզումանյանը, լինելով ՀՀՇ-ի անդամ, տարաձայնություններ ուներ Կոնգրեսի հետ, բայց նա Կոնգրեսից դուրս չեկավ մինչև այն պահը, երբ ինքը չլքեց ՀՀՇ շարքերը: Այնպես որ, թեկուզ և զուտ ֆորմալ առումով Դավիթ Շահնազարյանը, մնալով ՀԱԿ-ի անդամ՝ կամա, թե ակամա, Կոնգրեսի մեջ է»,- ասաց նա:
Իսկ դա նշանակո՞ւմ է, որ ՀԱԿ հանրահավաքներին ներկա կլինի նաև Դավիթ Շահնազարյանը, Զուրաբյանը խնդրեց հարցն ուղղել հենց Շահնազարյանին:









