Հարավային Կովկասը կարիք ունի հարատև խաղաղության և կայուն զարգացման. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հուլիսի 12-ին տեղի է ունեցել քննարկում` նվիրված հետհակամարտության շրջանում խաղաղաշինության թեմային, այս մասին տեղեկանում ենք Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունից։
ԱԽ-ն նշված թեմային անդրադառնում է տարեկան մեկ անգամ, որի ընթացքում քննության են ենթարկվում պատերազմներում ներքաշված երկրների ու հասարակությունների համար խաղաղաշինության ու վերականգնման գործընթացներն ու դրանց իրականացման մեխանիզմները` ներառյալ ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի աշխատանքները:
Նիստին մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կազմակերպության գրեթե երեք տասնյակ անդամ-պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը:
Հղում կատարելով աշխարհի տարբեր մասերում միջազգային փորձին` ՀՀ դեսպանը, մասնավորապես, նշել է, որ տնտեսական բնագավառում համագործակցության ծրագրերը կարող են համարվել վստահության ամրապնդման կարևոր միջոցառումներ անգամ այն պարագայում, երբ կողմերի միջև դեռևս ընթանում են կարգավորման շուրջ բանակցությունները:
Դեսպան Նազարյանն իր խոսքում նաև նշել է, որ Հարավային Կովկասը կարիք ունի դոնոր երկրների ու միջազգային ֆինանսական հաստատությունների համակարգված տարածաշրջանային նախաձեռնությունների ու աջակցության ծրագրերի` հարատև խաղաղության, ինչպես նաև կայուն զարգացմանը միտված ջանքերը խրախուսելու համար:









