«Սբ. Հոգու սրբապատկերը». Սիրիացի ռեժիսորը սիրիահայերի մասին ֆիլմ է նկարահանել (լուսանկարներ)
Սիրիացի ռեժիսոր Ֆիրաս Նանան ավարտել է իր «Սբ. Հոգու սրբապատկերը» վավերագրական ֆիլմի նկարահանումը, որը պատմում է սիրիահայերի մասին և նրանց ներկայացնում իբրև սիրիական հանրույթի մի մասնիկ, հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Այս աշխատանքը մի մասն է այն ֆիլմաշարի, որ Նանան ներկայացրել է սիրիայի ազգային փոքրամասնությունների մասին. նրա նախորդ ֆիլմը վերաբերում է քրդերին:
Ֆիլմի առիթով իր հարցազրույցում ռեժիսորը հայտնել է, որ իր նպատակն է ճանաչելի դարձնել հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Սակայն աշխատանքը ավելի մեծ ընդգրկում ունի:
Ռեժիսորը ֆիլմում պատմում է Սիրիայի այնպիսի հայկական վայրերի մասին ինչպիսին է «Հոգետուն» իջևանատունը, որտեղ հայերը կանգ են առել Երուսաղեմ գնալու ճանապարհին և որը մինչ օրս կանգուն է: Ինչպես նաև՝ 40 նահատակների 500-ամյա եկեղեցու մասին: Այստեղ են պահվում Արևելքի մի շարք կարևորագույն սրբապատկերներ, որոնցից որոշները թվագրվում են միջնադարով: Ֆիլմում ներկայացվում է նաև սիրիահայ վաճառականութությունը:
Ֆիլմի սյուժեն առաջ է մղում 6-րդ դասարանցի հերոսուհին, որի միջոցով էլ հենց ծավալվում է պատումը:
Նկարահանումները տևել են 5 օր, և, ըստ ռեժիսորի, չնայած ժամանակի սղությանը, ինքը հասցրել է ներառել այն ամենը, ինչ ցանկացել է:
Այժմ ֆիլմը արտադրության փուլում է. դրա վրա աշխատում են մոնտաժողը և հայ կոմպոզիտոր Պերճ Ասիսը:










