ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը խախտում է ընտրական օրենսգիրքը. հայտարարություն

13:54 • 13.07.12

ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԼՂՀ նախագահական ընտրությունների հետ կապված արցախյան որոշ պաշտոնյաներ ակտիվ գործունեություն են սկսել Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

 

Ըստ հայտարարության՝ նրանցից է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, ով ֆեյսբուքի իր էջում տարածում է նախագահի թեկնածու Բակո Սահակյանի քարոզչական նյութերը և հանդես գալիս այս թեկնածուի օգտին նախընտրական քարոզչությամբ:

 

Բալասանյանի նախընտրական շտաբը նաև հիշեցնում է, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասով դատավորներին, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել: