Սկանդալ ԱՄՆ-ում. օլիմպիական մարզահագուստը Չինաստանում է կարվել

09:55 • 13.07.12

ԱՄՆ-ում խոշոր սկանդալի տեղիք է տվել տեղեկությունն այն մասին, որ այդ երկրի ազգային օլիմպիական հավաքականի շքերթի հանդերձանքը կարվել է Չինաստանում, հայտնում է NBC-ն:

Հինգշաբթի օրը ներկայացվել է այդ մարզահագուստը, որով հուլիսի 27-ին ամերիկացի մարզիկները հանդես կգան Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

Հագուստի հեղինակը հայտնի ամերիկացի դիզայներ Ռալֆ Լորենն է, որը դրա արտադրությունը կազմակերպել է Չինաստանում: Մի քանի ժամ առաջ սկանդալ է պայթել, երբ այս մասին հայտնի է դարձել Վաշինգտոնում:

Փաստը հայտնաբերել են լրագրողները. ամերիկյան դրոշի գույներով պիտակի վրա գրված է եղել «Արտադրված է Չինաստանում»:

 

ԱՄՆ-ի Կոնգրեսն այս առիթով արդեն ամոթանք է տվել Ազգային Օլիմպիական կոմիտեին, բողոքի նամակներ են հղվել:

Օլիմպիական կոմիտեն չի ընդունել իր հասցեին հնչեցված քննադատությունը՝ հիշեցնելով, որ ի տարբերություն աշխարհի շատ օլիմպիական թիմերի, ամերիկյանը մասնավոր կարգով է ֆինանսավորվում, շնորհակալություն հայտնելով հովանավորներին և ընդգծելով, որ հպարտ է Ռալֆ Լորենի հետ համագործակցությամբ: