Հուլիսի 15-ին կնշվի Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը

12:51 • 13.07.12

Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որն այս տարի կնշվի հուլիսի 15-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Շահե աբեղա Անանյանը:

 

Իսկ թե ինչո՞ւ է տոնը կոչվում Քրիստոսի պայծառակերպություն, նա բացատրեց հետևյալ կերպ. ««Պայծառակերպվել» կամ «այլակերպվել» նշանակում է կերպարանափոխվել: Այս դեպքը Հիսուս Քրիստոսի հետ կատարվել է այն ժամանակ, երբ նա բարձրացավ Թաբոր լեռը` իր գիշերային հսկումն ու ամենօրյա աղոթքն անելու: Այդ ժամանակ էր, որ Հիսուսը փառավորյալ ու լուսավոր կերպարանք առավ: Նրանից ճառագայթներ էին ցոլում` ասես լուսասփյուռ արեգակ: Իսկ ժողովրդական անունով տոնը կոչվում է Վարդավառ, քանի որ մարդիկ միմյանց վրա ջուր ու վարդ էին ցանում, կարծես դրանով Քրիստոսին համեմատում գոհար վարդի հետ»:

 

Ասուլիսին ներկա Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն իր հերթին նշեց, որ ժողովրդական տոնն ունի ավելի հին արմատներ: Այն կապված է հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ, երբ ժողովուրդ նրան վարդեր է նվիրում, աղավնիներ է բաց թողնում և միմյանց վրա ջուր լցնում։

 

Տաղավար այս տոնի ընթացքում եկեղեցում պատարագ է մատուցվում, որից հետո քահանաները վարդաջուր են ցողում ժողովրդի վրա՝ այդ կերպ օրհնելով հավատացյալներին:

 

Վարդավառի տոնը սովորաբար նշվում է Սուրբ զատիկից 90 օր հետո ընկած կիրակի օրը:


Հարցին, թե ինչո՞ւ ենք մենք՝ հայերս, հաճախ ավելի կարևորում տոնական ծիսակատարությունը, քան եկեղեցական արարողությունը, Տեր Շահեն պատասխանեց. «Դա յուրաքանչյուրի անձնական ներքին հարցն է: Բայց այս առումով, եկեղեցին, իհարկե, անելիքներ ունի: Պետք է հավատացյալների մեջ սերմանի այս տոնի բուն խորհուրդը: Միաժամանակ ասեմ, որ եկեղեցական ցանկացած տաղավար տոն ունի խաղի վերածվելու միտում: Օրինակ՝ Սուրբ խաչի ուխտագնացության ճանապարհներին են ծնվել նման խաղերը»։

 

Նա նաև նշեց, որ նմանատիպ ժողովրդական տոնակատարությունները դառնում են ժողովրդի միասնականության հիմքը:


Տեր Շահեն ընդգծեց , որ մեր ժողովրդական ծիսակատարությունները մի փոքր նորացնելու, դրանց ժամանակակից շունչ հաղորդելու խնդիր ունենք, որպեսզի դրանք ավելի լավ պահպանվեն հասարակության կողմից: