«Սարոյան եղբայրներ» օպերացիայի արդյունքում վնասազերծվել են աղմկահարույց հանցագործություններ կատարած եղբայրները (ֆոտո)

02:17 • 13.07.12

Այսօր՝ հուլիսի 13-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանի, 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ, նույն գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցների և Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների հետ՝ Ոստիկանության Վանաձորի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ, հայտնաբերել և վնասազերծել են 2011թ. Արագածոտնի մարզում աղմկահարույց հանցագործություն կատարած երկու անձի:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձիք են եղբայրներ՝ Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Վարդաբլուր գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Դավիթ Անանյանը և 21-ամյա Գևորգ Անանյանը:

 

Գ. Շամշյանը հայտնում է, որ նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում 2011թ. ապրիլի 30-ին:

Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ կետերով (սպանություն՝ զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով), 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռքբերելը, իրացնելը, պահելը) հատկանիշներով:


Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված անձինք 2011թ. ապրիլի 26-ի գիշերը, լույս 27-ին զինված մտել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» տպարանի հարևանությամբ գործող և Վահե Միրզոյանին պատկանող բենզալցակայան, այնտեղից գողացել 500 լ դիզվառելիք և բենզին և փորձել աննկատ հեռանալ: Սակայն, բենզալցակայանի սեփականատերը նկատել էր տեղի ունեցածը և իր անձնական օգտագործման «Միթսուբիշի Պաջերո Իօ» մակնիշի ավտոմեքենայով իր եղբոր հետ սկսել էր հետապնդել գողություն կատարողներին, ովքեր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով էին եղել: Հետապնդման ժամանակ գողություն կատարող անձինք Պռոշյան գյուղի մոտ կրակոցներ էին արձակել իրենց հետապնդողների ուղղությամբ:


Կրակոցների արդյունքում մահացել էր «Միթսուբիշիի» վարորդ Գարիկ Միրզոյանը, իսկ Վահե Միրզոյանը վնասվածքներ էր ստացել:

Վարդաբլուրցի երեք եղբայրներից Ռուստամը ձերբակալվել էր այդ ժամանակ և այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ այս երկու եղբայրները դիմել էին փախուստի:


Գ. Շամշյանի տեղեկություններով ՔՀԳՎ աշխատակիցներն ու արագ հակազդման բաժնի աշխատակիցները 2 օր դարանակալումներ են կատարել Լոռու մարզում և երեկ կեսօրին, երբ օպերատիվ տվյալներով համոզվել են, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձինք գտնվում են Վարդաբլուր գյուղում, ձեռնարկել են օպերացիան , ինչը հաջողությամբ է ավարտվել:

Օպերացիան նույնիսկ անուն է ունեցել՝ «Սարոյան եղբայրներ»:


Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ փախուստի դիմած երկու եղբայրների նկատմամբ դատարանի՝ ավելի վաղ կայացված որոշմամբ, խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի